Հանրապետության օրվան նվիրված միջոցառում ՊԵԿ-ում. հատուկ կոչումներ և դասային աստիճաններ են շնորհվել մի խումբ աշխատակիցների
Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ Պետական կամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորել է ներկաներին Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս օրը մեր ժողովրդի պատմության ամենախորհրդանշական օրերից է. «Այն վկայում է, որ անգամ ամենածանր փորձությունների, կորուստների ու պայքարի պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը։ Մայիսի 28-ը ոչ միայն հաղթանակի, այլև պետական մտածողության, ազգային միասնության և պատասխանատվության խորհրդանիշ է»։
Էդուարդ Հակոբյանը մատնանշել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պետության զարգացման և տնտեսական կայունության ապահովման գործում իր ուրույն դերակատարումն ունի. «Լինելով պետական կառավարման առանցքային հենասյուներից մեկը՝ ՊԵԿ-ն իր գործունեությամբ նպաստում է պետության և քաղաքացիների միջև վստահության կամուրջների ամրապնդմանը, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև պետության տնտեսական հիմքերի ամրացմանը»։
ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումները միտված են համակարգային ու խորքային վերափոխմանը, որի նպատակն է ժամանակակից, արդյունավետ, մարդակենտրոն կառույցի ձևավորումը, որտեղ առաջնային արժեքներ են պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և հանրության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը։
«Մեր համակարգի ուժը աշխատակիցների թիմային մտածողությունն է, միասնականությունը և նվիրված աշխատանքը։ ՊԵԿ յուրաքանչյուր աշխատակից իր ամենօրյա սրտացավ ծառայությամբ իր ներդրումն է ունենում մեր պետականության ամրապնդման գործում»,-կարևորել է Էդուարդ Հակոբյանը։
Այնուհետև տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների խրախուսման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական պարտականությունները գերազանց կատարելու համար ՊԵԿ նախագահի հրամանով հարկային և մաքսային ծառայության հատուկ կոչումներ և դասային աստիճաններ են շնորհվել Կոմիտեի մի խումբ աշխատակիցների։


