չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գործակալությունները պետք է ավելի ակտիվ լինեն, որպեսզի ոչ թե միայն ՀՀ-ի քաղաքացիներին բնակարաններ վաճառեն, այլև մեր սփյուռքի 7 միլիոնին. Խաչատուր Սուքիասյան

Գործակալությունները պետք է ավելի ակտիվ լինեն, որպեսզի ոչ թե միայն ՀՀ-ի քաղաքացիներին բնակարաններ վաճառեն, այլև մեր սփյուռքի 7 միլիոնին. Խաչատուր Սուքիասյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասաց. «Երբ բազմաբնակարան շենքերում 10 տարվա կտրվածքով հաճախորդ են դառնում, նրանք բավականին մեծ գումարներ են վճարում, որով եկամուտ է առաջանում: Եթե մենք նայում ենք սկզբունքի առումով, դուք հիմա 75 տոկոսը սառեցնում եք, կառուցապատողին ասում եք գնացեք բանկից գումար վերցրեք, եթե վաղն իր եկամուտները պակասի, իհարկե նա սկսելու է գին բարձրացնել: Դուք այս մարդուն ասում եք գնա վարկ վերցրու, կառուցի, բայց մյուսին, ով պետք է էլեկտրաէներգիայով կամ գազով մատակարարի՝ որպես ենթակառուցվածք ստեղծի, ասում եք մի մասը պետք է կոմպեսացնի կառուցապատողը, ես ճիշտն ասած սա չեմ ընդունում: Դուք մտքեր ասացիք, բայց ոչ մի հիմնավորում չկար, ինչքա՞ն տոկոս է կորուստը, կառուցապատողն ինչքա՞ն գումար է վճարելու, ինչքա՞ն է համպատասխան ՀԷՑ-ը ներդրում անելու, այդ ներդրումները՝ մոտավորապես մի բնակարանի կամ մի քառակուսու համար ինչքա՞ն է, որ ես իմանամ 10 տարվա ընթացքում այդ գումարը հետ է գալու, թե՝ ոչ: Շատ անընդունելի զրույց է ԱԺ ամբիոնում այս կարգի  զրույցը»:

Սուքիասյանը նաև հարց ուղղեց կապված բնակարանների վաճառքի հետ. «Եթե մենք այսօր ունենք բնակարաններ վաճառքի առումով, պետք է խնդրենք, որպեսզի գործակալություններն ավելի ակտիվ լինեն, որպեսզի ոչ թե միայն ՀՀ-ի քաղաքացիների վրա աշխատեն բնակարան վաճառել, այլ մեր սփյուռքի 7 միլիոնի վրա աշխատեն բնակարան վաճառել, որովհետև շինարարությունը խթանում է համախառն ներքին արդյունքը»:

Վահան Քերոբյանն արձագանքելով նշեց. «Այո, դուք ճիշտ եք, շինարարությունը տնտեսության բավական արագ աճող ճյուղերից մեկն է, անցյալ տարի երկնիշ աճ է ունեցել, մոտ 12 տոկոսից ավել, այս տարվա առաջին եռամսյակում էլ 15.6 տոկոս աճ ունի ՀՆԱ-ի: Մեկ տարվա ընթացքում շինարարության ոլորտում 3300 նոր աշխատատեղ է ստեղծվել»:

  • Կիսվել: