ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործադիրը բարեփոխում է իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման գործընթացը. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Գործադիրը բարեփոխում է իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման գործընթացը. քննարկում ԱԺ հանձնաժողովում

Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների և տարընթերցումների:

Նշվել է, որ օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը: «Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ»,- ընդգծել է զեկուցողը` հավելելով, որ նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է:

Փոխարենը` գործադիր մարմնի ղեկավարը հայտարարագիր կներկայացնի այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, կատարողական վարույթներ, ինչպես նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ վարչական վարույթներ առկա չեն:

Սահմանվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաև իրավահաջորդության մասին դրույթներ:

Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են դիտողություններ և առաջարկներ, որոնք հեղինակը հաշվի կառնի առաջինից երկրորդ ընթերցում:

Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը` ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

  • Կիսվել: