չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը հանվեց մասնավորեցման ենթակա գույքերի ցանկից

Ծիծեռնակաբերդի մարզահամալիրը հանվեց մասնավորեցման ենթակա գույքերի ցանկից

ՀՀ կառավարությունն առաջարկում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում հայտնեց, որ մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։

«Մենք այս պահին մեր հավաքական թիմերի հավաքների համար ընդամենը 2 հնարավորություն ունենք երկրում. Դա Ծաղկաձորի մարզաբազան է և «Օլիմպավանը», որոնք երկորսն էլ ունեն սահմանափակ հնարավորություններ»,– ասաց Անդրեասյանը։

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրն ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Այստեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար:

Նախնական հաշվարկներով` համալիրի հիմնանորոգումն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը կարժենա 2 299 750 340 դրամ:

Ֆանանսների նախարար Վահե Գրիգորյանը, սակայն, քննարկման ժամանակ հայտնեց, որ գումարը ենթակա է վերանայման։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ կարծում է, թե ժամանակը բերելու է նրան, որ  «ջիմ» կոչվածների մշակույթը տարածվի։ «Ես կարծում եմ, որ ենթակառուցվածքները, որոնք պրոֆիլային են սպորտի տեսանկյունից, ինչ–որ պահի պետք է նաև պրոֆիլային և մատչելի լինեն քաղաքացիների համար, որպեսզի իրենք կարողանան սիրողական սպորտով զբաղվել»,– ասաց նա։

Մարզահամալիրը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու համար նախագիծը դեռ պետք է արժանանա նաև Աժ–ի հավանությանը։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ցանկալի է փաստաթղթային ու շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում` հաշվի առնելով, որ Հայաստանը հավակնում է տարբեր մարզաձևերի միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալել առաջիկա տարիներին։

 

  • Կիսվել: