երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գործադիրի թիմը պետք է փոխվի՝ հրաժարվի պոպուլիզմից, վերանայի տնտեսական մոդելը. Պարսյան

Գործադիրի թիմը պետք է փոխվի՝ հրաժարվի պոպուլիզմից, վերանայի տնտեսական մոդելը. Պարսյան

COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը ցույց տվեց, որ մենք դեռևս ուժեղ, ազգային պետության կարիք ունենք, քանի որ ստեղծված իրավիճակը ի ցույց դրեց, թե որքան թույլ է մեր պետությունն այսօր: Այս մասին  «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկան ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանը դեռ շարժվում է «Ուժեղ իշխանություն, թույլ պետություն» մոդելով, որը տարիներ շարունակ եղել է մեր երկրում:

«Այս ճգնաժամը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ չէր ո՛չ տնտեսապես, ո՛չ առողջապահական տեսանկյունից: Եվ մենք ոչ թե պատրաստվեցինք, այլ սպասեցինք ճգնաժամին. երբ տարածաշրջանում ու դրանից դուրս պետություններն արդեն քայլեր էին մշակում համավարակի դեմ պայքարի համար, մենք ուղղակի սպասում էինք: Եվ, ցավոք, իմ սպասումներից իրավիճակը ավելի վատ սցենարով գնաց»,- նշեց նա:

Պարսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն դեռևս մարտի 23-ին մի ամբողջական փաթեթ ներկայացրեց կառավարությանը, թե ինչպես պայքարել ու դիմակայել կորոնավիրուսին, որը երեք հիմնական գաղափար էր իր մեջ պարունակում՝ գնալ կարանտին, գումարներ ծախսել մարդկանց տանը պահելու համար ու գումարներ ծախսել մարդկանց բուժման համար: Սակայն կառավարութունը, նշեց բանախոսը, որոշում կայացրեց, որ գնում է պոպուլիզմի ճանապարհով, այն է՝ նրանք կարծում էին, որ COVID-ը կտևի 1-2 ամիս, բայց ժամանակը ցույց տվեց ճիշտ հակառակը: Արդյունքում, մենք սխալ ուղղությամբ գնացինք, ռեսուրսները ի սկզբանե սխալ ծախսեցինք, գումարները հապշտապ բաշխվեցին առանց ճիշտ հասցեականության ու ռազմավարության.

«Այս ընթացքում 150 մլրդ դրամ է փոշիացվել կառավարության ներկայացրած ծրագրերով, և սա այն դեպքում, երբ կարելի էր ավելի արդյունավետ ծախսել ու տնտեսությունն ու մարդկանց փրկել»,- շեշտեց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի խոսքով, այս ճգնաժամը ցույց տվեց մեր բոլոր թույլ կողմերը, մասնավորապես նաև այն, որ տարիներ շարունակ պետությունը պետական փողեր է ուղղել ամսնավոր առողջապահական հաստատությունների կայացմանն ու հզորացմանը,  այսպես ասած՝ ոլորտի օլիգարխների ուժեղացմանը, մինչդեռ պետական հաստատությունները ուղղակի թուլացել են: Եվ երբ կորոնավիրուսի համավարակի ժամանակ պետհաստատությունները հիմնական հարվածը իրենց վրա ընդունեցին, քանի որ ամսնավորները սկզբնական շրջանում ներգրավված չէին գործընթացում,  արդյունքում ունեցանք շատ լուրջ խնդիրներ.

«Սա փաստում է, որ պետության միջամտությունը տնտեսությունում պետք է լինի անխուսափելի և պետական գումարները առաջնային պետք է ուղղվեն հենց պետական հաստատությունների ու ինստիտուտների կայացմանը»:
 
Պարսյանը պնդեց՝ իրավիճակը երկարաժամկետ է, հետևապես հարկավոր է վերանայել տնտեսական մոդելը, նոր մոտեցումներ ու հայեցակարգեր ի հայտ բերել, նոր կադրեր, այլ ոչ թե նախորդից եկած իներցիայով շարժվել:  Բացի այս, կառավարությունը ևս պետք է փոխի իր մոտեցումները.

«Կառավարության ամենահիմնական թերացումն այն է, որ սխալ ազդակներ է փոխանցում ազգաբնակչությանն ու տնտեսությանը, ճիշտ ինֆորմացիա չի տրվում, ինչը դժվարացնում է ճիշտ կողմնորոշվելու հարցը, հատկապես բիզնեսի համար: Պետք է հասկանալ, որ այս ճգնաժամը իշխանության- ընդդիմության հարց չի, այլ համազգային հարց է, որից տուժում են բոլորը»,- հավելեց Սուրեն Պարսյանը:

Նշենք, որ «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» քննարկումը նախաձեռնել է «Հանուն սոցիալականարդարության» կուսակցությունը:

  • Կիսվել: