հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գինու ոլորտում առկա խնդիրները լուծվում են․ ամփոփվեց գինու հիմնադրամի գործունեության 5 տարին

Գինու ոլորտում առկա խնդիրները լուծվում են․ ամփոփվեց գինու հիմնադրամի գործունեության 5 տարին

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփեց գործունեության 5 տարվա արդյունքները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ հիմնադրամը շատ մեծ կարևորություն ունի գինեգործության ոլորտի զարգացման առումով։

«Կառավարությունը և հիմնադրամը մշտապես ցանկացել է հավուր պատշաճի ներկայացնել խաղողագործության ոլորտը, որտեղ շատ խնդիրներ կան։ Դրանք լուծումներ են պահանջում, որոնք աստիճանաբար իրականցվում են։ Գինու հիմնադրամի միջոցով մենք կարողացել ենք ստեղծել համակարգ, որն աշխատելով՝ նպաստում է ոլորտի զարգացմանը»,- ասաց Խոջոյանը և հավելեց, որ նպատակ ունեն ստեղծել զարգացող ու զարգացած ոլորտ։

Նա նաև նշեց, որ Կառավարությունը ծրագրեր է իրականացնում, որոնք միտված են ընդհանուր ոլորտի զարգացմանը, որոնց մի մասն իրականացվում է Գինու հիմնադրամի, իսկ մյուս մասը Էկոնոմիկայի նախարարության միջոցով։

ՀԽԳՀ հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ հայտնեց, որ իրենք գործունեություն են ծավալել, որպեսզի խաղողագործության և գինեգործության ոլորտներն ավելի համակարգված լինեն։

«Հայկական գինին հագեցած է յուրահատուկ բույրով և ունի միջազգային շուկայում արժանի մրցակցային տեղ գրավելու բոլոր նախադրյալները։ Հիմնադրամի գլխավոր առաքելությունն այն է, որպեսզի Հայաստանում խթանվի խաղողագործության զարգացումը՝ որպես գինու արտադրության որակի գրավական»,- նշեց Մուրադյանը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տնօրենի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը հայտնեց, որ հայկական գինու վերաբերյալ զբոսաշրջիկների պատկերացումները փոխվել են։

«Մենք արդեն հպարտանում ենք ներկայացնել մեր գինին աշխարհին։ Զբոսաշրջային որևէ միջոցառում չի անցնում առանց հայկական գինու գովազդման։ Նախկինում Հայաստանն ավելի շատ հայտնի էր որպես մշակութային և կրոնական ուղղություն, սակայն այսօր մենք աշխատում ենք մեր պրոդուկտներն առավելագույնս դիվերսիֆիկացնելու ուղղությամբ»,- նշեց Քոչարյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնք ապահովել են խաղողագործության և գինեգործության բնագավառների առաջանցիկ աճը և ունեն ռազմավարական նշանակություն ոլորտի հետագա կայուն զարգացման համար։

Այդ ծրագրերից են ՀՀ խաղողի այգիների տեղորոշման և ռեեստրի ստեղծման նախագիծը, որի շրջանակում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ուսումնասիրվել է 28․600 հա տարածք։ Արդյունքում տեղորոշվել է 9 911 հա փաստացի խաղողի այգի։

Խաղողի այգիների տեղորոշումը և աշխարհատեղեկատվական համակարգի ստեղծումը հնարավորություն կտան ունենալ էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակմամբ, մթերմամբ, պահեստավորմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին։

Հայաստանում գինու սպառման մշակույթը զարգացնելու նպատակով ՀԽԳՀ-ն իրագործել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում գինու սպառումը մեկ շնչի հաշվով 0,6 լ, աճել է 3,5 լ՝ վերջին 10 տարվա ընթացքում: Այս ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով հիմնադրամն իրականացրել է «Գինու սպառման մշակույթը Հայաստանում․ հանրային կարծիքի ուսումնասիրություն» քանակական և որակական հետազոտություն՝ վերհանելով հայ սպառողների վարքաբանական առանձնահատկությունները։ Ստացված արդյունքներից պարզ է դարձել, որ հայ սպառողների ընկալմամբ գինին համարվում է ամենաավանդական և առողջ ապրելակերպի հետ «առավել համատեղելի» ոգելից խմիչքը։

Հիմնադրամը գործունեության 5 տարվա ընթացքում թիրախավորել է հայկական գինիների արտահանման կարևոր շուկաները և ընդլայնել հայկական գինիների արտահանման աշխարհագրությունը` ներառելով 36 երկիր։ Միջազգային շուկաներում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով հիմնադրամն իրականացրել է 20 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսներին հայկական գինիների մասնակցություն։

Եղել է նաև 50-ից ավելի համտես/շնորհանդես առաջատար, թիրախային երկրներում (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Հարավային Կորեա և այլն), 80-ից ավելի հոդված հայկական գինիների և Հայաստանի գինու ժառանգության վերաբերյալ միջազգային հեղինակավոր առցանց և տպագիր պարբերականներում (Forbes, BBC, Decanter, Wine & Spirits, Simple Wine News, Elle, Wine Explorers, London Wine Fair և այլն), մասնակցություն գինու միջազգային ամենահեղինակավոր մրցույթներին, որոնցում հայկական գինիները նվաճել են ավելի քան 39 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալներ և արժանացել գովասանագրերի և պատվոգրերի:

Հայկական գինիների որակի վերահսկման և Հայաստանը միջազգային ասպարեզում իր բարձրակարգ գինիներով ճանաչելի դարձնելու նպատակով 2021 թ․ ստեղծվել է «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշը, որի ներքո հանդես են գալու որակի սահմանված չափորոշիչներին համապատասխան, կույր համտեսներին բարձր ցուցանիշներ գրանցած հայկական գինիները:

Հաշվետու միջոցառմանը ներկայացվեցին նաև էնոտուրիզմը խթանող նախագծեր, որոնցից է «Ճանաչիր Հայաստանը՝ գինու գավաթում» գինու զբոսաշրջային ուղեցույցը։

  • Կիսվել: