Ֆիրդուսի թաղամասի բնակիչները վարչապետի հետ հանդիպում են պահանջում
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներին, որոնք այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, կառավարությունից ոչ ոք չընդունեց:
Կառավարությունից խոստացան բնակիչներին ընդունել եկող շաբաթ` պատճառաբանելով, որ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, որը պետք է նրանց ընդուներ, այսօր տեղում չէ։
Բնակիչները, սակայն, հանդիպում են պահանջում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասում են` բոլոր վարչապետները նախկինում իրենց ընդունել են, սպասում են նաև գործող վարչապետի հետ հանդիպման։
Նշենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Այս տարվա հունվարի 13–ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Փորձագետները պետք է գնահատում իրականացնեին` ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Տների և պահեստների սեփականատերերը թույլ չէին տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չէին հավատում նրա օբյեկտիվությանը։
Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ: