ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ֆիջիի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումն ու անցկացումը

Ֆիջիի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումն ու անցկացումը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի շրջանակում հանդիպել է Ֆիջիի տեղեկատվության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Լինդա Տաբույայի և շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցերով մշտական քարտուղար Սիվենդրա Մայքլի հետ։

Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիջիին COP17-ում ակտիվ ներգրավվածության և բարդ բանակցություններում համաձայնությունների հասնելուն նպաստելու համար։

Առանձնահատուկ գնահատել է Սիվենդրա Մայքլի ներդրումը՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և հայկական նախագահության աշխատանքներին աջակցելու գործում։

Ֆիջիի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև ընդունված որոշումները՝ հատկապես «Երևանյան ուղին»՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների իրականացումն արագացնելու տեսանկյունից։

Կողմերը քննարկել են կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության շարունակման հնարավորությունները։ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Երևանի որոշումների իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել նաև կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և էկոհամակարգերի դիմակայունությունն ամրապնդելու հարցերին։ Նախարարը կարևորել է կլիմայական և կենսաբազմազանության նպատակները փոխկապակցված առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ֆինանսավորման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների հասանելիության ապահովման միջոցով։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է նաև կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդման կարևորությունը՝ դրանց շրջանակում իրականացվող գործողությունների փոխհամաձայնեցման և փոխլրացման միջոցով։

  • Կիսվել: