Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար. Օվերչուկ
Ռուսաստանի իշխանությունները հանձնարարել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով հացահատիկային բեռների Հայաստան տեղափոխումն ապահովելու համար: Հանձնարարականի մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Օվերչուկը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար Վերին Լարսով, որի տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները»:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտարարել էր սելավի վտանգի պատճառով Ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ժամանակավոր արգելքի մասին՝ հուլիսի 31-ի 18:40-ից մինչև օգոստոսի 1-ի 06:40-ը:


