երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵՄ-ն 32 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին. Այն ուղղվելու է կրթական ոոլորտին

ԵՄ-ն 32 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին. Այն ուղղվելու է կրթական ոոլորտին

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թվականի ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թվականի օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրին:

Այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, Ծրագրի իրականացումն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ.ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաևՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Նախանշված բարեփոխումների իրականացման հարցում Ծրագիրն օժանդակություն է տրամադրելու քաղաքականության վերաբերյալ ընդլայնված երկխոսության, ֆինանսավորման ու տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով:

Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:

Ծրագիրը միտված է՝ ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը ևբարելավվելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

  • Կիսվել: