«Ձե՞ր հաշվին եմ գնել», «հայրս է նվիրել ոսկին». մարզպետները՝ իրենց ունեցվածքի մասին
ՀՀ Վայոց Ձորի և Արմավիրի մարզպետները խորհրդարանում ներկայացրել են, թե ինչպես են ձեռք բերել իրենց իրենց բնակարաններն արտասահմանում, մի քանի տասնյակ մլն–ի ոսկին և այլ թանկարժեք իրեր։
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԺ–ում են մարզպետերն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գումարներով է նա ԱՄԷ–ում մի շարք բնակարաններ ձեռք բերել։
«Ձե՞ր հաշվին եմ ձեռք բերել, կներեք։ Ամեն ինչ հայտարարագրում պարզ երևում է, «Ջերմուկ գրուպն» էլ 10 խոշոր հարկատուների ցանկում է, ու ես եմ որոշում, թե ինչպես կտիրապետեմ իմ գումարները։ ՀՀ–ում էլ եմ գույք ձեռք բերել, մեր գյուղում տուն եմ կառուցում, այնտեղ էլ ապրում եմ։ Շուտով կերևա, դեռ ավարտականը չկա»,– նշեց Արսենյանը։
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, ապա հայտարարագրի համաձայն նա 20 մլն–ի ոսկի ունի ու 33 հազար դոլար արժողությամբ ժամացույց։
Լրագրողների մոտ ունեցվածքի հետ կապված հարցեր էր առաջացել, քանի որ Խաչատրյանը 2015 թվականից պետական պաշտոններ է զբաղեցնում. մինչ մարզպետ դառնալը եղել է Նորապատի համայնքապետ, ապա Արմավիրի փոխմարզպետ, Մեծամորի համայնքապետ։ Ճշտող հարցին, թե որտեղից նրան նման ունեցվածք` Խաչատրյանը շեշտեց` հայրն է նվիրել։
«Հայրս գործարար է, նա է նվիրել։ Այլ հարցերի չեմ պատասխանում»,– ասաց Արմավիրի մարզպետը։


