ԱՐՄՍՏԱՏ-ի պարզաբանումները մարդահամարի անցկացման առաջին երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգություններին
Մարդահամարի անցկացման առաջին երկու օրերի ընթացքում մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգություններն են հայտնել անվանական տվյալների՝ այլ նպատակով հնարավոր օգտագործման վերաբերյալ:
«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ անվանական տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն և չեն կարող օգտագործվել որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական անձանց առնչվող հետաքննության և նախաքննության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացում: Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում և հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով (հոդված 21-ի՝ մաս 13, 14) :
2022 թվականի. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անցկացվում է հերթական մարդահամար:
Անկախության պայմաններում թվով երրորդ մարդահամարն առաջին անգամ անցկացվում է համակցված մեթոդով՝ Բնակչության պետական ռեգիստրի ու Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) հետ միավորված և 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից հարցումներով ստացված տվյալների համակցմամբ:
Մարդահամարները կրում են պարտադիր բնույթ, բացառությամբ ազգության, լեզվին և կրոնական դավանանքին առնչվող հարցերի (հոդված 21-ի մաս 11, 15):