կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
 ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության․ Տիգրան Հակոբյան

ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության․ Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:

«Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտությանը: Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակողներ մեր ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,-ասաց Հակոբյանը:

Այդ կապակցության հանձնաժողովը հիշեցնում է, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա չի նշանակում, թե հեռարձակող լրատվամիջոցների դաշտն ազատ  ու անկախ է և սպասարկում է հանրային շահը: «Այս ոլորտի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այդ գործոնները սահմանափակում են բոլոր հեռարձակողների խմբագրական անկախությունը, նպաստում են քարոզչական բաղադրիչի ավելացմանը, նվազեցնում են բովանդակության որակը»,-ասաց Հակոբյանը:

Հանձնաժողովը, սակայն, արձանագրում է, որ առկա են նաև դրական միտումներ: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ:

Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:

  • Կիսվել: