ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրողը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է. տնօրենի խոսքով՝ գնի փոփոխություններ չեն սպասվում, բայց «մի ավել դուռ բացվելը» ողջունելի է

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրողը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է. տնօրենի խոսքով՝ գնի փոփոխություններ չեն սպասվում, բայց «մի ավել դուռ բացվելը» ողջունելի է

Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։ Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը։

Նա վստահեցրեց, որ եթե արդեն ցորենի առաջին խմբաքանակը տեղ է հասել, ուրեմն որևէ խոչընդոտ չի եղել։ «Եղավ այն, ինչ եղավ. 35 տարի չէր եղել, հիմա փաստ է՝ ցորենը եկել է։ Մենք, մեր հարևանները չենք կարող որևէ բան փոխել։ Հիմա լա՞վ ենք արել, որ օգտվել ենք այս հնարավորությունից, թե՞ վատ ենք արել։ Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե ՀՀ-ում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք և այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ։ Կարծում եմ՝ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուռ բացվելը միայն ողջունելի է»,-ասաց նա։

Ընկերության տնօրենը նշեց, որ այս ճանապարհն այլընտրանք է, որից կշահեն բոլորը։ «Հրաժարվելն էլ մեր կողմից սխալ կլիներ պետության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթևանա։ Դուք տեսնում եք չէ՞, ինչ է կատարվում Լարսում։ Դրան էլ գումարած՝ ՌԴ մուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչև օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ, բեռնատարները կանգնեցրել են ու չեն քշում»,-մանրամասնեց Գասպարյանը։

Իսկ թե հնարավո՞ր է այս ճանապարհի շնորհիվ հացի գինը նվազի՝ պատասխանեց. «Էական նշանակություն, որ ասեմ ունենալու է՝ չէ։ Ցորենի գինը նույնն է, տրանսպորտի գինն է փոխվում։ Իրականում տրանսպորտի գինն ավելի էժան է, բայց՝ ոչ էական։ Ոչ թե 50 տոկոս կամ 20 տոկոս, այլ ավելի փոքր թիվ է։ Ուղղակի այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, բայց քիչ է»։

Իսկ մտահոգությունների մասով, որ կարող է Ադրբեջանը մի օր որոշի ճանապարհը փակել՝ ընկերության տնօրենն ասաց՝ այդ հարցի պատասխանը իրենց տիրույթում չէ. «Բայց մենք, որպես ընկերություն, մեր սեփական մեքենաներն ունենք, ներկրում ենք։ Հիմա, եթե որոշի փակել, մենք մեր մեքենաներով էլի կբերենք այնպես, ինչպես մինչ այս ճանապարհի բացելն էր՝ էլի Փոթիով լաստանավով կբերենք։ Մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել չէ՞։ Այս ճանապարհը հիմա որ լինում է, ողջունելի է՝ ավելի լավ, թող լինի մի նոր ճանապարհ»։

Հարցին, թե որպես տրանզիտ երկիր Ադրբեջանը որևէ արտոնություն տալի՞ս է բեռների տեղափոխման համար, թե՞ ինչպես Վրաստանով է՝ տարանցման նման ինչ-որ գին է սահմանված, պատասխանեց, որ այս պահին կոնկրետ բան չի կարող ասել, որովհետև ընդհանուր վճարումները ՌԴ-ի հետ են արվում, և ծախսերն արդեն առանձնացվում են։

Ներկրման ծավալներն աստիճանաբար կավելացնե՞ն՝ արձագանքեց, որ այս հարցին էլ դեռևս հստակ չեն կարող պատասխանել, միտումները ցույց կտան․«Վաղը ինչ կլինի՝ չենք կարող ասել»։

Նշենք, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, որը ցորենի շուկայում բավական մեծ՝ կեսից ավելի մասնաբաժին ունի։

  • Կիսվել: