2025 թվականի ամփոփում և 2026 թվականի առաջնահերթությունները՝ Հայաստանի գյուղական զարգացման ոլորտում
Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համախմբել էր կառավարության և զարգացման գործընկերներին և շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու տարվա ամփոփիչ քննարկմանը, որը կրում էր «Գյուղական զարգացումը գործնականում․ ՊԳԿ ծրագրերը 2025 թվականին՝ ընդհանուր ակնարկ և հետագա ուղիներ» խորագիրը։ Այս քննարկումը ծառայում էր որպես 2026 թվականից առաջ տեղի ունեցած իրողությունների ռազմավարական միջանկյալ գնահատում, որի նպատակն էր ներկայացնել Հայաստանի տարբեր մարզերում իրականացված չորս խոշոր նախաձեռնությունների շրջանակներում ձեռք բերված արդյունքները, նորարարություններն ու քաղված դասերը։ Միջոցառումը հնարավորություն տվեց վերանայել առաջընթացը, ամրապնդել գործընկերային հարաբերությունները և սահմանել հետագա անհրաժեշտ քայլերը՝ երկրի գյուղատնտեսության զարգացման օրակարգի խթանման համար։
Համագործակցության և գյուղական փոխակերպման կարևորության գիտակցումը
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը վերահաստատել է իր շարունակական հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին կայուն գյուղատնտեսության զարգացմանը, դիմակայուն պարենային համակարգերի ձևավորմանը և ներառական գյուղական տնտեսությունների խթանմանը: Տեխնիկական թիմերն ընդգծեցին, թե ինչպես են տարբեր ուղղվածություն ունեցող նախագծերը, չնայած իրենց բազմազանությանը, համատեղ նպաստում երկրի զարգացման ավելի լայն առաջնահերթությունների իրականացմանը:
Մասնակիցները քննարկեցին հաջողված միջամտությունների պահպանման և ընդլայնման ռազմավարությունները՝ կարևորելով երկարաժամկետ պլանավորման, ինստիտուցիոնալ համագործակցության և համայնքային մակարդակի ներգրավվածության կարևորությունը: Քննարկումներն ընդգծեցին առանցքային ընդհանուր ուղերձը՝ գյուղական զարգացման իրական փոխակերպումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեղական, ազգային և միջազգային բոլոր դերակատարները համագործակցում են ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ:
Նախագծերը՝ քննարկումների առանցքում
Քննարկումների զգալի մասը կենտրոնացած էր ՊԳԿ-ի կողմից իրականացվող գյուղական զարգացման և գյուղատնտեսության ոլորտի նախաձեռնությունների վրա։ Ոգեշնչվելով եվրոպական համայնքահեն զարգացման մոդելներից՝ Լոռու և Տավուշի մարզերում դերակատարների տեղական հզորացման ծրագրի (EULEAD4Lori and Tavush) շրջանակում ստեղծվել են կառուցվածքային հարթակներ, որոնց միջոցով գյուղական բնակիչները հնարավորություն ունեն իրենց առաջնահերթությունները սահմանելու, ծրագրային առաջարկներ ներկայացնելու և տեղական զարգացման որոշումների կայացման գործընթացը Տեղական գործողությունների խմբերի միջոցով (LAG) ուղղորդելու։
Սկզբնական արդյունքները վկայում են էական առաջընթացի մասին, ձևավորվել են գյուղատնտեսություններից բաղկացած խմբեր, որոնց զգալի մասը գրանցվել է որպես գյուղատնտեսական կոոպերատիվներ, ամրապնդվել է տեղական դերակատարների միջև համագործակցությունը, իսկ համայնքները հաղորդում են զարգացման պլանավորման գործընթացներում սեփականության և հետզհետե աճող պատասխանատվության զգացողության մասին։ LEAD նախագծի վերաբերյալ պանելային քննարկումն ընդգծեց նախաձեռնության կարևորությունը, քննարկման մի շարք մասնակիցներ նշեցին, որ նախաձեռնությունը շրջադարձային փուլ է ներկայացնում Հայաստանում գյուղական բնակավայրերի կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար և կարող է ծառայել որպես մոդել կրկնօրինակման համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև ՊԳԿ-ի գործունեությունը գյուղական բնակավայրերում թվայնացման առաջխաղացման ուղղությամբ։ «Թվային գյուղեր» նախաձեռնության շրջանակներում համայնքներին տրամադրվում է աջակցություն՝ տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրային ծառայությունները բարելավելու, փոխկապակցվածության ընդլայնման և նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով, հաճախ գործընթացի իրականացման մեջ ներգրավվում է նաև տեղական երիտասարդությունը։
Զուգահեռաբար, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակվել է Խաղողի այգիների գրանցամատյանի համակարգի (VRS) ներդրումը, որը պայմանավորված է գյուղատնտեսական արժեքային շղթաներում թվային գործիքների աճող դերով։ Համակարգը ներառում էր առցանց հարթակ և բջջային հավելված, որը նպատակ ունի բարելավել խաղողի այգիների կառավարումը, աջակցել տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակմանը և Հայաստանի զարգացող գինեգործական ոլորտում որակի վերահսկման և ապահովման համակարգերի ամրապնդմանը։
2023 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանմանը ի պատասխան՝ ՊԳԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական հողերի հասանելիության ապահովման նախագիծը դարձել է քննարկումների առանցքային ուղղություններից մեկը։ Նախաձեռնությունը նպատակաուղղված էր այն բազմաթիվ տեղահանված ընտանիքներին, որոնք նախկինում զբաղվել էին գյուղատնտեսությամբ և փնտրում էին իրենց կենսապահովման գործունեությունը վերականգնելու հնարավորություններ։
Նախագծի շրջանակներում փախստական ընտանիքներին աջակցություն է ցուցաբերվել Լոռու և Տավուշի մարզերում նախկինում չօգտագործված և/կամ լքված գյուղատնտեսական հողերի հասանելիություն ստանալու հարցում։ Սա հնարավորություն է տվել ընտանիքներին վերականգնել իրենց տնտեսական կայունությունը՝ միաժամանակ նպաստելով տեղական գյուղատնտեսական արտադրությանը և վերադարձնելով չօգտագործված ու լքված գյուղատնտեսական հողերը արդյունավետ արտադրական շրջանառության։ Մասնակիցները աջակցությունը գնահատել են որպես թե՛ ժամանակին, թե՛ կենսական նշանակություն ունեցող միջամտություն՝ ընդգծելով, որ հողերի հասանելիության ապահովումը մնում է տեղահանված բնակչության շրջանում ինքնաբավության ամրապնդման ամենաուժեղ հիմքերից մեկը։
Ընդհանուր ուղղության ձևավորում
Բոլոր քննարկումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման ռազմավարական ապագան հիմնված է համագործակցային գործողությունների, նորարարական մոտեցումների և գյուղատնտեսության ու պարենային համակարգերում համայնքների ակտիվ ներգրավվածության վրա։
Միջոցառումը վերահաստատեց ՊԳԿ-ի և նրա գործընկերների հանձնառությունը՝ աջակցելու գյուղական համայնքներին, ամրապնդելու կարողությունները և ընդլայնելու հաջողված միջամտությունները, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու գյուղատնտեսական արտադրողականությունը, ապահովելու պարենային անվտանգությունն ու զարգացնելու դիմակայուն կենսապահովման միջոցները։


