2018-ից հետո Արագածոտնի մարզում 300 միլիոն դոլարի ներդրում է արվել. Փաշինյանը՝ Արագած համայնքում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում է հանդիպումները Արագածոտնի մարզում։
Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզում իրականացված ներդրումների և կենսաթոշակների բարձրացման մասին։
Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում իրականացրել է շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում։
«2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլարի ներդրում է արել՝ ամենատարբեր ծրագրերով, սկսած սուբվենցիաներով, շարունակած դպրոց, մանկապարտեզ և այլն»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ նման ծավալի ներդրումներ նախկինում Հայաստանի մարզերում չեն իրականացվել։
Նա ընդգծել է, որ ներդրումները վերաբերում են ճանապարհաշինությանը, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, ջրագծերին, փողոցների բարեկարգմանն ու լուսավորությանը։
Փաշինյանն անդրադարձել է նաև կենսաթոշակների բարձրացման թեմային՝ նշելով, որ 2018 թվականից կառավարությունը հինգ անգամ բարձրացրել է թոշակները։
«2018 թվականին նվազագույն թոշակը 16 հազար դրամ է եղել։ Այսօր նվազագույն թոշակը մենք դարձրել ենք 46 հազար դրամ։ Ութ տարվա ընթացքում մենք եռապատկել ենք թոշակը»,- հայտարարել է նա։


