186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար
Հայաստանի կառավարությունը մայիսի 14–ի նիստում ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել շուրջ 186 մլն դրամի վերաբաշխում և դրանք ուղղել այդ ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 10.3 կմ է, որից 8.97 կմ՝ նախագիծ և 1.33 կմ՝ հիմնանորոգում:
Փոխնախարարը ներկայացրել է կլաստերային դպրոցներ տանող այդ ճանապարհները. Արագածոտն մարզ՝ Նոր-Ամանոսի բնակավայրի կրթահամալիր, Նոր Եդեսիայի բնակավայրի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց, Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոց , Լուսակն բնակավայրի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Ջրառատ բնակավայրի Թ. Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Վանաձոր բնակավայրի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց, Վանաձորի 19 հիմնական դպրոց, Մեդովկայի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սյունիք բնակավայրի կրթահամալիր, Իշխանասարի միջնակարգ դպրոց, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ՝ Չիվայի միջնակարգ դպրոց, Տավուշ մարզի՝ Գանձաքարի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց։


