երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ. Դավիթ Տոնոյան

ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շուրջ 2,5 տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Այս ընթացքում գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, տևական ժամանակ է՝ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, սակայն Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները մերժվում են, թեև գործով անցնող մյուս մեղադրյալներն արդեն ազատության մեջ են։ Դավիթ Տոնոյանն ինքը քրեական հետապնդումը գնահատում է որպես շինծու և հրահանգավորված, իսկ կալանքն՝ ապօրինի։ Կալանքի տակ գտնվելու պայմաններում, սակայն, Տոնոյանը մտահոգություններ ունի՝ անվտանգային ոլորտին առնչվող։ Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն փաստաբանների միջոցով փորձել է հասարակությանը հուզող որոշ հարցերի պատասխաններ ստանալ Դավիթ Տոնոյանից։

− Պարոն Տոնոյան, ընդամենը մեկ ամիս առաջ նշվեց հայոց բանակի 32-րդ տարեդարձը։ Ձեր գնահատմամբ՝ այսօր մեր բանակն ըստ արժանվո՞ւյն է գնահատվում։

− Ոչ, վայել ու պատշաճ չի գնահատվում: Բայց դա չի նշանակում, որ իմ սպասումները Հայոց բանակի տարեդարձի նշման հետ կապված նույնականացվում են ավելի շքեղ տոնական համերգի, ավելի շքեղ դահլիճում հնչող պաշտոնյաների ելույթների հետ, ամենևին:

Վերջին անգամ տոնական ընդունելություն էր կազմակերպվել 2019 թվականին: 5 տարի անց անձամբ սպասում էի վարչապետի և նախարարի ելույթներից ուղերձ բանակին և ժողովրդին: Ուղերձ, որը կպարունակի ԶՈՒ զարգացմանը միտված կոնկրետ առարկայական տեսլական, այլ ոչ թե պսեվդո-բարեփոխումների վերաբերյալ շարադրանք:

Բացի այդ, միգուցե դա իմ ընկալումն է, բայց կառավարության ղեկավարի ելույթը նմանվում է ընդդիմադիր ուժի առաջնորդի քննադատության` վերջին տարիներին պաշտպանական ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

- Ձեզ չի՞ մտահոգում, որ հայոց զինվորի մեծարումը սահմանափակվում է Եռաբլուր այցերով, ողջերին մեծարելու, նոր սերնդին ոգեւորելու քաղաքականություն չկա։ Սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ։

− Տարվա 365 օրից մեկն է տարեդարձ, իսկ տարեդարձի օրը հոբելյարին կոռուպցիայի, սխալների և «նվերների» արժեքի չափի մասին չեն մատնանշում, այլ բարեմաղթանքներ են հնչեցնում: Չեն ներկայացնում նաև «տյունինգ» արած նախկին ծրագրերը որպես բարեփոխում:

Ցավոք, համաձայնվում եմ Ձեր մտավախության հետ, որը վերաբերվում է ոգեշնչման բացակայությանը: Մեծարել, համոզված եմ, պարտավոր ենք զոհված կամ առողջությունը կորցրած մեր ընկերներին, իսկ գործող բանակին պետք է ոգեշնչել և շարժառիթավորել իր առաքելության իրագործման նպատակով: Այնպիսի տպավորություն է, որ բանակի առաքելությունը ատեստավորվելն է բարձր աշխատավարձ ստանալու նպատակով կամ սոցիալական փաթեթից օգտվելը, այլ ոչ թե պատրաստվելը Հայրենիքի համար կռվելու և հաղթելու և այդ նպատակով մարտական պատրաստության ընթացքում բարձր ցուցանիշներ ցուցաբերելը: Ատեստավորումը ԶՈՒ-ում միշտ եղել է և կարող եմ Ձեզ երաշխավորել, որ ամենևին ձևական բնույթ չի կրել, սակայն նախկինում գործող ատեստավորման արդյունքում վարձատրությունը չէր բարձրանում, եթե իհակե, պաշտոնի առաջխաղացում տեղի չէր ունենում: Եվ, ի վերջո, ԶՈՒ մարտունակությունը բարձրացվում է ոչ թե ատեստավորման, այլ մարտական պատրաստության միջոցառումների, ուսումնական գործընթացի, օպերատիվ և հրամանատարական պատրաստության միջոցով: Եվ եթե ԶՈՒ ատեստավորվածների մեծ մասը անբավարար գնահատականների է արժանացել, ապա դրա պատճառը առնվազն վերջին երկու ուսումնական տարիների ձախողումն է: Հարց է առաջանում, ինչ էք անելու այդ չատեստավորվածների մեծ մասի հետ, զորացրելու եք արդյոք: Արդյոք բանակը գնում է ատեստավորմամբ կրճատում իրականացնելու ճանապարհով: Եթե այդպես է, ապա այդ քաղաքանությունը պետք է հրապարակային լինի: Ժամկետային զինվորական ծառայությունից անցման հնարավորությունը պայմանագրային ծառայությանը տասնյակ տարիներ օրենքով նախատեսված է եղել այս կամ այն ձևաչափով, բայց ոչ «բոնուսային» վարձատրության դիմաց, այլ ծառայության ժամկետի ավելացման պայմանով: Կանանց ծառայության ներդրումը միշտ եղել է պայմանագրերի կնքման միջոցով, բայց ոչ վեց ամսվա պարտադիր «բոնուսային» վարձատրվող ծառայության միջոցով: ՊՆ-ում 2010 թվականին քաղաքացիական ծառայության ներդրումից հետո համարյա վերացվել է զուտ վարձատրության համար, որոշ պաշտոններում ուսադիր կրող կանանց նշանակման անհրաժեշտությունը: Ուսադիր կրել ցանկացող կանայք ստացան պատրաստվելու, վերապատրաստվելու և կրթվելու բոլոր պայմանները արական սեռի ներկայացուցիչների հետ հավասար: Եվ հենց դա էր ԶՈՒ բարեփոխումը, որը պետք է կատարվի քանակական կարողություններից հրաժարվելու, օրինակ, զինծառայողների թվակաքանակը, որակական և տեխնիկական կարողությունների ավելացման ուղղությամբ: Կանանց միջոցով ԶՈՒ թվաքանակի հարց չպետք է լուծվի` «կամավոր» պարտադիր ժամկետային վարձատրվող ծառայության միջոցով: Վստահեցնում եմ Ձեզ, սա անհաջող և հեռանկարում տապալվելիք նախագիծ է և այդ նախագիծը ԶՈՒ-ին պարտադրված  է քաղաքական առումով, այն ԶՈՒ-ում չէ, որ ծնվել է: Եթե կառավարությունը կանանց ներգրավման միջոցով այնուամենայնիվ փորձում է լուծել ԶՈՒ թվաքանակի խնդիրը, ապա «ժամկետային-կամավոր-պարտադիր» ծառայությունը դա կիսամիջոց է, տրամաբանական կլիներ նաև կանանց համար ներդնել  արական սեռին համահավասար պարտադիր ժամկետային ծառայություն:  

- Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը համեմված էր որոշ աղմկահարույց որակումներով, որոնց անդրադառնալ չենք ուզում, բայց նույն ելույթում նա մի քանի նոր մտքեր դրեց շրջանառության մեջ։ Այն է՝   Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանի դեմիլիտարիզացիա, ինչպես նաև նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:  Նախ՝ կարող ենք համարել, որ այսպիսով արդեն Փաշինյանը եւս ընդունում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անիրատեսական է։

− Չէի ցանկանա պատասխանել այդ հարցերին, քանի որ վարվող քաղաքականությունից և դրա իրականացման հիմնավորումների վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Բայց մի բան ակնհայտ է, որ վարված քաղաքականության արդյունքում հայաթափվեց Արցախը: Նոր պաշտպանական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր և ՀՀ ժողովրդի վստահությունը այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսևորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյոք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ:

− Պարոն Տոնոյան, որքանով եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի ապառազմականացմանը և չհարձակման մասին պայմանագրի ստորագրմանը՝  նկատի ունենալով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար հարձակվել ու նոր բարձունքներ է գրավել։

− Կարճ պատասխանն է, որ վերոհիշյալ բոլոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկությունները մտահոգիչ են և անիրատեսական:

- Թվում է՝ Ադրբեջանն այս պահին հաղթել է, բայց նաեւ առանձին հայտարարություններ՝ ի մասնավորի հնարավոր ռեւանշի մասին, վկայում են վախի մասին։ Ինչո՞ւ է վախենում, գիտակցում է, որ հայ զինվորն ունակ է արժանի հակահարված տալ՝ ծնկաչոք նահանջող իշխանության փոփոխությունից հետո։

− Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, քանի որ գիտակցում են, որ ոչ ողջ Հայ ժողովուրդը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիները, սփյուռքը և առավել ևս արցախցիները, ոչ էլ հայ զինվորականը չեն համակերպվելու ունեցած կորուստների հետ: Իսկ հայ զինվորականը «երբեք չխոսելով դրա մասին, բայց միշտ դա մտքում պահելով» սկզբունքով առնվազն հակահարված տալու համար սեղմ ժամկետում պետք է նախապատրաստվի կռվելու և հաղթելու ու ապահովելու արցախցիների վերադարձն իրենց բնօրրան:

Համոզված եմ, որ ԶՈՒ-ի պատշաճ մակարդակի պատրաստության հասնելու պարագայում կունենանք այլ ռազմաքաղաքական իրավիճակ:

- Ռեւանշին ինչպես եք վերաբերում, ընդհանրապես, երբ վարչապետը միշտ խոսում է 29,800 քառակուսի կիլոմետրի վերաբերյալ։

− ՀՀ անվտանգության ապահովումն ամենևին ՀՀ սահմաններով չի պարփակվում: Որոշ հայ պաշտոնյաներ պատկերացում չունեն անգամ անվտանգության ապահովման սկզբունքների վերաբերյալ ու մեր թշնամիների ռազմավարական նպատակներին հասնելու նպատակասլացության աստիճանի մասին: Այնպես որ, հատուցման կամ հատուցման ձգտմանը այլընտրանք չկա ու դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, քանի որ մեր հարևաններից առնվազն երկուսը Հայաստանի անվտանգությանը և ազգային շահերի իրագործմանը ջանասիրաբար սպառնում են: Եթե ոմանց կողմից ՀՀ անվտանգության ապահովումը և շահերի առաջխաղացումը դիտարկվում է ռևանշ, ապա մեր հայրենիքի դիմակայության աստիճանական նվազեցումը կանվանեի առնվազն պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

- Պարոն Տոնոյան, խնդրում եմ անդրադառնաք նաև Արցախի՝ ականապատ քարտեզներն Ադրբեջանին որպես «բարի կամքի դրսևորում» փոխանցելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը։ Ինչպես եք վերաբերում  այս որոշմանը։ Ընդ որում՝ եթե նախկինում քարտեզներով քաղաքական առեւտուր էին անում ու գոնե գերիների վերադարձին հարց դնում, ապա հիմա ուղղակի անպատասխան նվիրում են Ադրբեջանին։ Արդյո՞ք դա վերջին հնարավարություններից չէր՝ Երևանի միջնորդությամբ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու հարցում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում էր, որ իրավասու չէ Արցախի անունից խոսելու, իսկ ականապատումն իրականացվել է Արցախի ՊԲ-ի կողմից։

− Ձեր հարցին պատասխանելու համար բավարար տեղեկություններ չունեմ, բայց առաջին հայացքից իշխանության գործողություններն ունեն միջնորդների աջակցություն և այդ միջնորդները ինչ-որ խոստումներ են տալիս ՀՀ իշխանությունների դրսևորվող կեցվածքի դիմաց: Դժվար է վերաբերմունք արտահայտել, բայց ամեն դեպքում, իրավիճակը մտահոգիչ է և վերոհիշյալ գործողությունները վստահություն չեն ներշնչում: Մասնավորապես, պարզ չէ, թե ովքեր են միջնորդները, եթե այդպիսիններն իրականում կան: Եթե ՀՀ-ից հնչող առաջարկությունները չունեն որևիցե միջազգային աջակցություն, ապա շատ ռիսկային մարտավարություն է ընտրված:

- Պարոն Տոնոյան, օրերս կրկին ականատես եղանք սահմանային լարվածությանը՝ Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի հետևանքով կամավորականների շրջանում զոհեր եղան։ Ընդ որում, ադրբեջաական կողմը հայ կամավորներին ներկայացրել էր որպես վարձկաններ, ինչին, ցավոք, պատշաճ արձագանք չեղավ։  Ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում հնարավո՞ր է իրապես խաղաղության գնալ։

− ՀՀ իշխանությունների քաղաքականությունն առնվազն հայտարարվող նպատակասլացությամբ խաղաղության հասնելու ամեն գնով, անգամ ադրբեջանական «թելադրողական» քաղաքականության պայմաններում, իմ կարծիքով, նվազ կանխատեսելի է: Վերոհիշյալ քաղաքականության արդյունքում ԶՈՒ հրամանատարության ցուցաբերած «զսպվածությունը» Ներքին Հանդում հղի է նմանատիպ դեպքերի կրկնության ռիսկով մարտական հերթապահության վարման գործող ձևաչափի պահպանման պարագայում:

Հետևաբար, թե ինչպես են և ումով են համալրված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները էական նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, թե ինչ ճշգրտությամբ և արագությամբ են արձագանքում ՀՀ ԶՈՒ-ը հակառակորդի նման գործողություններին:

-ՀՀ ՊՆ և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջև համաձայնագրեր ստորագրվեցին, հայտնի է՝ Ֆրանսիայից պաշտպանական զենքի ձեռքբերման մասին։ Զենքի ձեռքբերումն, իհարկե, դրական է, սակայն  ինչ ազդեցություն կունենա այդ գործընթացի շուրջ նման «աղմուկը»։ Նախկինում կմտաբերե՞ք դեպքեր, երբ զենքի գնման գործընթացն այդքան հանրայնացվեր։

− Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և ՀՀ-ի, և Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործացություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է:

  • Կիսվել: