երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, որոնք զբաղեցնում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանել ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հաշվարկել հավելավճար:

Ատեստավորմանը մասնակցելու և հավելավճարի հաշվարկման հետ կապված պայմանները, ատեստավորման կարգը, մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, հավելավճարների չափը և վճարման կարգը նախատեսվում են սահմանել ՀՀ Կառավարության որոշմամբ:

«Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո, և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը»,- ասաց նախարարը:

Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

  • Կիսվել: