ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարչապետը ներկայացրեց հուլիսյան հաղթական մարտերի հինգ արդյունքները

Վարչապետը ներկայացրեց հուլիսյան հաղթական մարտերի հինգ արդյունքները

InfoPort.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբՍարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Տավուշյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը։

Մինչ պետական բարձր պարգեւները ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին հանձնելը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։

Վարչապետն իր ելույթում նշեց.

՛՛Սարդապարատի հերոսամարտի հուշահամալիրում, որն Օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի միանգամից 55 գործող զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգեւատրվողներից 24-ն այստեղ ներկա են եւ շքանշաններն անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգեւատրվածները անձամբ ներկա չեն հետեւյալ պատճառով. նրանք այս պահին էլ իրականացնում են Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը։ Այս բացառիկ իրավիճակի կարեւորագույն դրվագը դեռ առջեւում է։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողը արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման՛՛։

Վարչապետը հավելեց, որ այօրվա մեր պարգեւատրվածները եւ այսօրվա մեր Ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը։ ՛՛Երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող են ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլեւ հենց այստեղ են՝ մեր կողքին։ Նրանք ապրում են մեզ հետ, նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում։

Նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն մենք էլ կարող ենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է։ Մեր պարտքն է հերոսանալ ամեն օր եւ ամենուր. յուրաքանչյուրս մեր աշխատանքի մեջ, մեր ամենօրյա պահվածքի մեջ, հայրենիքի մասին մտածելու եւ հանուն հայրենիքի համար գործելու մեր գործելակերպի մեջ, որովհետեւ այսօրվա պարգեւատրվողների օրինակով ահա հերոսությունն ամենօրյա աշխատանք է, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն՛՛,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այսօրվա բոլոր պարգեւատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներ են, հուլիսյան հաղթանակի կերտողներ։

՛՛Աշխարհագրական կամ նույնիսկ ռազմական առումով տեղային այդ մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական չափազանց մեծ նշանակություն ձեռք բերեցին, կարեւոր արդյունքներ գրանցեցին, եւ առիթը պատեհ է, որ մենք արձանագրենք, թե որոնք են հուլիսյան հաղթական մարտերի արդյունքները Հայաստանի համար։

Արդյունք առաջին: Արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելը արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը, որովհետեւ ըստ նրանց կառուցած տրամաբանության՝ վերջին տարիներին Ադրբեջանի բանակը հասել էր մարտունակության այնպիսի մակարդակի, որ ի վիճակի է շատ արագ, ընդհուպ 24 ժամում լուծել Ղարաբաղի հարցը, սրա հիման վրա երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում է մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա։

Հուլիսյան հաղթական մարտերը ջաղջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում եւ Արդբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ։

Արդյունք երկրորդ: Մեր Կառավարությունն արդեն ավելի քան 2 տարի միջազգային հանրության եւ Ադրբեջանի ղեկավարության շփումներում, ինչպես նաեւ հրապարակային հայտարարություններում ընդգծել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը։ Մենք հստակ ասել ենք, որ որեւէ մեկին թույլ չենք տա, նման տոնայնությամբ կամ ակնարկներով խոսել մեզ հետ։

Այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան։ Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ ու ճշգտրիտ են։

Արդյունք երրորդ: Արդեն երկուսուկես տարի Հայոց բանակում տեղի են ունենում լայնածավալ բարեփոխումներ։ Խոսում եմ ոչ միայն տեսանելի ու լայնորեն քննարկվող, այլեւ ոչ հրապարակային, լուռ ընթացակարգերով տեղի ունեցող բարեփոխումների մասին, որոնք վերաբերում են ռազմավարական եւ մարտավարական բովանդակությանը։ Այդ բարեփոխումները հուլիսյան հաղթական մարտերում, միանշանակ եւ աներկբա ի ցույց դրեցին իրենց կենսունակությունն ու արդարացվածությունը։

Այսօր, ըստ էության, ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է առանց հյուծող, սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու, ինտելեկտուալ աշխատանքով, մարտավարական եւ ռազմավարական նորարություններով ապահովելու ռազմական առավելություն։ Շատերը գուցե չգիտեն, բայց հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտակա դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել. ունեցել միայն մեկ թեթեւ վիրավոր, այն դեպքում, երբ այժմ արդեն հանրահռչակ, «Անվախ» դիրքը եւ հարակից բոլոր դիրքերը եղել են ամենածանր հրետակոծությունների, հատուկ պատրաստությամբ՝ հատուկ ջակատայինների զանգվածային հարձակումների թիրախում։

Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ տարածաշրջանում ունենք որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ։

Արդյունք չորրորդ: Արդեն երկար ժամանակ մենք խոսում ենք Հայաստանում ռազմարդյունաբերության համալիր զարգացման մասին եւ այս ոլորտը հայտարարել ենք առաջնահերթություն։ Հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը եւ ապացուցեցին, որ մենք ունենք տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա մեր պատվավոր եւ կայուն տեղն արձանագրելու հնարավորություն։

Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի։ Քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայկական արտադրության եւՀայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում։ Ընդ որում,Հայաստանում արտադրված եւ արդիականացված զինատեսակների հարաբերակցությունը 70/30 է՝ հօգուտ Հայաստանում արտադրվածների։

Արդյունք հինգերորդ: Հուլիսյան հաղթական մարտերը ի ցույց դրեցին սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը։ Բյց այդ ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մի կողմից հստակեցրին ոչ միայն մեզ, այլեւս ողջ տարածաշրջանին ուղղված սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից ամրապնդեցին մեր վստահություն, մեր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների նկատմամբ, ինչն առավել մեծացնում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության երաշխավորի դերն արդյունավետ կատարելու Հայաստանի հնարավորությունը՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել է, բայց մեծացել են նաեւ մարտահրավերները եւ պատասխանատվությունը։ ՛՛Այդ պատասխանատվությունը մեզնից պահանջում է գերմարդկային ճիգեր եւ նվիրում, բայց ինչպես արդեն ասացի՝ այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայիը մեզ համար այլեւս մարդկային է։

Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ, հաղթական եւ երջանիկ Հայաստանում՛՛,-ասաց նա։

 

  • Կիսվել: