Սպասում ենք ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին. ՊՆ ղեկավար
ՀՀ զինված ուժերը սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից։ Ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով։ Շարքայինից մինչև գեներալ ունենալու են նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով»:
Նախարարը հավելեց, որ քանի որ նոր համազգեստը դեռևս չի փորձարկվել բանակում, փորձանմուշները եթերում ցուցադրել հնարավոր չէ, բայց պրոցեսները շատ արագ առաջ են գնում։
Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ զինված ուժերի համազգեստի փոփոխությունն ունի և՛ էսթետիկ, և՛ հոգեբանական նշանակություն։
Պապիկյանը նաև ասաց, որ արդեն իսկ ամբողջացվել են ամենօրյա համազգեստի և տոնական համազգեստի նմուշները, և այդ գործընթացը ևս շուտով ավարտին կհասցվի։


