երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը. Սուրեն Պապիկյան

Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել  Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Այսօր Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական-ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր պատմության ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել,։ Բայց մի բան հստակ է՝ Վազգեն Սարգսյանը նրանցից մեկն էր, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու պատրաստակամությունը։

Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինների հանդեպ, հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու հատկությունը։

Այսօր էլ նրա խոսքերն արդիական են՝ անկախության հավերժականությունը պահպանելու համար յուրաքանչյուրս անմնացորդ կերպով պետք է անենք մեր գործը, այդ կերպ ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի՝ չի կարող լինել թե պետություն, թե անկախություն, այս վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։

Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։

Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»։

  • Կիսվել: