երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը (լուսանկարներ)

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին լուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24  ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում՛՛:

Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ ուղղաթիռի վթարի հետևանքով ըստ նախնական տվյալների կա 2 զոհ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում: Ստեփանյանի խոսքով՝ հայկական կողմը տեղեկատվական և փորձագիտական բոլոր ռեսուրսներով կհամագործակցի ողբերգության հանգամանքները պարզելու նպատակով:

 

  • Կիսվել: