հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ջոկատում և ՀՀ ՊՆ զորամասում երդման արարողություն է տեղի ունեցել

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ջոկատում և ՀՀ ՊՆ զորամասում երդման արարողություն է տեղի ունեցել

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում այսօր տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին զորամասի բարձրաստիճան սպայակազմի հետ միասին ներկա են գտնվել նաև Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, հյուրեր, նորակոչիկների հարազատներ, հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ 

Մարտական դրոշի ներքո տեղի ունեցավ նորակոչիկների երդմնակալության հիմնական արարողակարգը, որի ընթացքում նրանք ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու ստորագրեցին սահմանված փաստաթղթում:

Փոխմարզպետը զինվորական երդում տված նորակոչիկներին շնորհավորեց և մաղթեց, որ փառքով կատարեն իրենց ծառայությունը և անեն անգամ անհնարինը, որպեսզի պատվով իրականացնեն իրենց առջև դրված մարտական խնդիրները:

«Սիրելի՛ նորակոչիկներ, որքան պարտավորեցնող, նույնքան պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում, և վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հայ տղամարդուն բնորոշ պատասխանատվությամբ և պատվով Հայոց բանակի շարքերը համալրելու եք մեկ կարևոր գիտակցումով՝ հայրենասիրությամբ, հայրենի տունն ու ընտանիքի պատիվը պաշտպանելու, ազատ ապրելու ոգով: Ցանկանում եմ, որ ձեր վրա դրված պարտականություններն իրականացնեք անվերապահորեն, հետևե՛ք հրամանատարների հրամաններին, լինե՛ք զգոն, ծառայակից ընկերների նկատմամբ՝ ուշադիր և հոգատար:

Մաղթում եմ, որ ձեր ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ, առանց փորձությունների, ու առողջ վերադառնաք ձեր օջախները»,- իր խոսքում նշեց Առնակ Ավետիսյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարաողություն, որի ընթացքում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք զինծառայողներ:

Զորամասի հրամանատարությունն իր շնորհակալությունը հայտնեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին և մարզպետի աշխատակազմին՝ բանակ- հասարակություն կապի շրջանակում զորամասի հետ համագործակցության գործընթացում ցուցաբերած ակտիվ գործունեության, մշտական պատրաստակամության, հասարակության և զինծառայողների շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու համար:

  • Կիսվել: