հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռազմական ակադեմիայում կուրսանտը կարող է սովորել ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ․ Պապիկյան

Ռազմական ակադեմիայում կուրսանտը կարող է սովորել ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ․ Պապիկյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում փոխվել են կրթական ծրագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութերի միջոցով հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ մոտ կուրսանտը կարող է սովորել մի շարք լեզուներ, մասնավորապես կրթական ծրագրում կան ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ, ինչպես նաև համալսարանի, ակադեմիայի հարկի տակ պաշտպանության նախարարության տարբեր սպաներ կարող են սովորել իտալերեն, պարսկերեն և չինարեն։
 
Սրանք շատ կարևոր ծրագրեր են և, կարծում եմ, լավ խթան են, որպեսզի մարդիկ որոշում ընդունելիս կողմնորոշվեն դեպի ռազմական ոլորտը և մասնագիտությունը»։
 
ՊՆ ղեկավարը նաև մեծապես կարևորել է կրթական հիմնական ծրագրերից զատ այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են կուրսանտների համար։
 
«Մասնավորապես, կուրսանտները կարող են օգտվել հետևյալ խմբակներից՝ սուսերամարտ, ձիավարություն, լող։ Ուսուցանվում են նաև սպորտային ուղղվածության այնպիսի մասնագիտություններ, ուժային բնույթի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ սամբոն, ձյուդոն և բոքսը։ Եվ, կարծում եմ, սա կուրսանտի զարգացման համար շատ կարևոր է, և, բնականաբար, այն մեծապես նպաստելու է, որպեսզի մեր պատանիները որոշում ընդունեն և դառնան զինվորական»,-ասել է Պապիկյանը:
 

  • Կիսվել: