երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քաղաքացիական բնակչության շրջանում կա 4 զոհ, այդ թվում՝ երեխա. Արման Թաթոյան

Քաղաքացիական բնակչության շրջանում կա 4 զոհ, այդ թվում՝ երեխա. Արման Թաթոյան

Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակման ենթարկեց Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ թիրախում քաղաքացիական բնակավայրերն են: Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան։

Նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ տարբերություն չի դրվում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև՝ դրանով իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքն ու առողջությունը:

«Այդ հարվածներն ակնհայտ թիրախային են ու նպատակաուղղված են վնաս հասցնելու քաղաքացիական օբյեկտներին»,- ասաց նա։

Արման Թաթոյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Արցախում 4 զոհ կա խաղաղ բնակչության շրջանում։ «Վտանգած է երեխաների, կանանց, տարեց մարդկանց առողջությունը: Մահացած անձանց թվում նաև կին ու երեխա կա: Վիրավորների թվում էլ կան երեխաներ, կանայք, տարեց մարդիկ»,- նշեց նա։

Նրա խոսքով, այս գործողություններն ուղեկցվում են նաև քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ. «Խոսքը վերաբերում է, օրինակ, կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ  կենսական նշանակության ճանապարհներին և այլն։ Ուզում եմ հատուկ նշել մի կարևոր հատկություն՝ այս բոլոր հարձակումները առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ լայնածավալ խոսքով»։

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում:

«Դրանք վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ: Ծնողներին և երեխաներին հորդորում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն, բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Առհասարակ պետք է չօգտվել սոցցանցերում տարածվող կասկածելի հաղորդագրություններից»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նաև նշեց, որ սոցցանցերում զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր կան, որոնցից հայերենով հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

  • Կիսվել: