շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ զորամասերից մեկում զինվորին կյանքից զրկել են ու հրամանատարի հետ փորձել դեպքը կոծկել. ինչ է բացահայտվել

ՊՆ զորամասերից մեկում զինվորին կյանքից զրկել են ու հրամանատարի հետ փորձել դեպքը կոծկել. ինչ է բացահայտվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Վիրաբի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, 26.07.2023թ. դրությամբ զբաղեցրել է նույն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ ավագ լեյտենանտ/ մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված այն արարքի կատարման համար, որ նա հանցագործության և հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը, ինչպես նաև աջակցել է համածառայակցին ապօրինաբար կյանքից զրկած Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին:

Այսպես, Տիգրան Սիմոնյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, նշված զորամասի հրամանատարի 12.07.2023թ. թիվ 017 հրամանի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մուրադ Գրիգորյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սամվել Մելոյանի, Անդրանիկ Ծատուրյանի, Ժորա Ա Սահակյանի և Վարազդատ Հովհաննիսյանի հետ միասին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակված լինելով մարտական հերթապահության նույն զորամասի պահպանության տեղամասի «Վասպուրական» մարտական դիրքում՝ որպես դիրքի ավագ, 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանից տեղեկանալով նրա կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին ամրակցված ԿԳ տեսակի СП 333 համարի գնդացրով վերջինիս մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի մասին՝ նույն պահին հնչեցրել է՝ «այ բալամ էս ինչ արիր, երկու օրից իջնում էինք» արտահայտությունը: Այնուհետև, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը, ստուգելով Մուրադ Գրիգորյանի զարկերակը և համոզվելով, որ նա մահացած է, որպես դիրքի ավագ, չցանկանալով իր ղեկավարած մարտական դիրքում տեղի ունեցած սպանության դեպքով «խնդիրներ ունենալ» իրավապահ մարմինների աշխատակիցների, նաև՝ վերադաս հրամանատարության հետ, բացի այդ, հաշվի առնելով այն, որ Արմեն Հովհաննիսյանը գտնվում է ցայտնոտային հոգեվիճակում, որպիսի հանգամանքը կարող է հանդիսանալ նրա կողմից նոր հանցանքի կատարմանը նպաստող պայման, պարտակել է հանցագործությունը՝ սպանության դեպքը և առանց նախնական խոստման աջակցել է հանցանք կատարած անձին՝ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին. Տիգրան Սիմոնյանը, ծառայողական՝ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող զինծառայողներին հրամաններ տալու լիազորություններն օգտագործելով՝ «Վասպուրական» մարտական դիրքի ժամկետային զինծառայող Սամվել Գուրգենի Մելոյանի ներկայությամբ Արմեն Խաչատուրի Հովհաննիսյանին հրահանգել է ինչպես համածառայակիցներին, այնպես էլ դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել և ասել, որ իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով, բացի այդ, Արմեն Հովհաննիսյանին հանձնարարել է Մուրադ Գրիգորյանի դիակի կողքին ընկած, վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի СП 333 համարի գնդացիրը մաքրել և այն դնել դիակի մեջքի վրա:

Արմեն Հովհաննիսյանը, կատարել է ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի նշված հանձնարարությունները՝ նախ ԿԳ տեսակի գնդացիրը մաքրել և զենքը դրել է Մուրադ Գրիգորյանի դիակի մեջքին, ապա՝ համածառայակիցներին, նաև դեպքից հետո մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբել և հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառելու եղանակով ինքնասպան է եղել: Տիգրան Վիրաբի Սիմոնյանն իր հերթին 26.07.2023թ-ին՝ ժամը 16։47-ին, զանգահարել է իր անմիջական վերադաս՝ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Էդիկ Մղդսյանին ու պարտակել հանցագործությունը՝ զեկուցելով, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել:

 

  • Կիսվել: