հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՊՆ-ն և ՔԿ-ն առաջարկել են ընդլայնել խաղամոլությունը սահմանափակող միջոցառումների շրջանակը. Ռուստամ Բադասյան

ՊՆ-ն և ՔԿ-ն առաջարկել են ընդլայնել խաղամոլությունը սահմանափակող միջոցառումների շրջանակը. Ռուստամ Բադասյան

Խաղային գործունեության կարգավորման մասին ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի նպատակը խաղային ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումն է՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ-մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները: Այս մասին նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 

Նրա խոսքով՝ հիմնական և առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ կներդրվի համակարգ ՀՀ-ում, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրությամբ պահանջները՝ թե՛ սպառողների պաշտպանության տեսակետից, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից:

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ:

Ներդրվող էլեկտրոնային համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն: 

Հստակեցվել են խաղային տարբեր տեսակների հասկացությունը, արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը և դրանց գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ-ում հասանելի համացանցային տիրույթում: 

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են իրենց, խնդրել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման ընդլայնել սահմանափակող միջոցառումների շրջանակը: 

«Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն մասնավորապես դիմել են մեզ և խնդրել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման սահմանափակող միջոցառումների շրջանակն ընդլայնվի, և սահմանափակումներ նախատեսվեն նաև զինծառայողների, գուցե նաև իրավապահ համակարգի աշխատակիցների համար, որտեղ ևս բավական բացասական հետևանքների կարող է հանգեցնել խաղամոլության տարածումը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: