կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով. Բալասանյան (տեսանյութ)

Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով. Բալասանյան (տեսանյութ)

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, պաշտպանության նախարարի հետ, ՀՀ-ի և Արցախի զինված ուժերի ապագա համագործակցության հարցերն են քննարկվել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի եղել։ Այս մասին նա ասել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից՝ Բալասանյանը դրական պատասխան է տվել. ՛՛Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ, ցավոք, մենք չկարողացանք դա անել և 2020-ի ընտրությունից հետո Արցախի սուբյեկտայնության խնդիրը կար։ Պետք է ամեն ինչ անեինք, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար՛՛:

Բալասանյանի խոսքով՝ ՀՀ-ի քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր, իսկ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարվոք լինեին։

Նա ասել է. ՛՛Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք մեր հարևան Իրանի հետ, ՌԴ-ի հետ, որը միշտ մեր բարեկամական, ռազմավարական գործընկերն է եղել, բայց մենք չկարողացանք։ Դա մեծ պատասխանատվություն է ՀՀ-ի իշխանության համար՛՛

Բալասանյանը հավելել է նաև, որ, ըստ իրեն, Հայաստանի և Արցախի համար դեռ ամեն ինչ կորսված չէ. ՛՛Արցախի հանրապետության տարածքն այժմ ավելի վատ վիճակում չէ, քան 1991, 92, 93 թվականի հունիսին, այսօր պետք է ճիշտ վերլուծություն անենք, դասեր քաղենք և սկսենք թե՛ ռազմական, թեթ քաղաքական գործընթացը ՀՀ-ի հետ,ՌԴ-ի հետ՝ կոնկրետ որպես սուբյեկտ հանդես գալով՛՛։

Նա անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և հիշեցրել, որ այդ փաստաթղթում Արցախը որպես սուբյեկտ չկա։

Վիտալի Բալասանյանը խոսել է նաև ՌԴ-ի վարած քաղաքականության մասին՝ այդ օրերին և շնորհակալություն հայտնել ՌԴ իշխանությանը, որը, նրա խոսքով, ամեն օր փորձել է կանխել պատերազմը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: