շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում անհայտ կորածների հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Պատերազմի ընթացքում անհայտ կորածների հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը:

Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ:

Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը»:

Նշվում է նաև, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:

 

  • Կիսվել: