Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել. Պապիկյան
Բազմիցս հնչեցրել եմ, որ տարեվերջին կունենանք նմուշները, և, ըստ էության, մենք այդ նմուշներն ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք ամբողջական գնում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել: Սա նաև ի գիտություն տեղական արտադրամասերի, ընկերությունների, ում մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է, գուցե, արհեստականորեն»,- ասաց նա:
Ըստ Պապիկյանի՝ ամերիկյան մի ընկերության հետ կա պայմանագիր, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և լեկալներ (կարուձև անելու համար շաբլոններ-խմբ.):
«Սա ենթադրում է, որ այն զուգահեռ պետք է ունենա փորձանմուշների որոշակի խմբաքանակ, որն այս փուլում արդեն ԶՈՒ-ում անցնում է զորային փորձարկում, որից հետո՝ 2026 թվականի ընթացքում, մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները: Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, արդեն հստակ է»,- ասաց նա:
Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենան նաև ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները որոշակի խմբաքանակով, որը ևս կանցնի փորձարկման փուլ:
«2026 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ ԶՈՒ-ի վրա: Կարծում եմ՝ այսքանով այս հարցի շուրջ քննարկումները և շահարկումները պիտի ավարտենք»,- ասաց նա:


