Պապիկյանը Լեհաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
ՀՀ պաշտպանությնա նախարար Սուրեն Պապիկյան առանձնազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ: Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է նախարար Պապիկյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։
Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։
Պայմանավորվել ենք շարունակել քննարկումները Երևանում։ Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել եմ այցելել Հայաստան։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։
Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ՛՛:




