երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանն ասաց՝ ոչ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու. Կապանի քաղաքապետը մանրամասներ է հայտնում

Օնիկ Գասպարյանն ասաց՝ ոչ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու. Կապանի քաղաքապետը մանրամասներ է հայտնում

Այսօր Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ սատարում են բանակին և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

՛՛Մենք մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել էինք այնպիսի բնագծեր, այնպիսի բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էինք մեր բնակավայրերի և բնակիչների անվտանգությունը: Ինձ մոտ մտավախություն կար, որ հնարավոր է՝ հրահանգվի, որ մենք այդ բնագծերը զիջենք, դրա համար խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ՛՛,-պատմեց Կապանի քաղաքապետը:

՛՛Նոյեմբերի 23-ին կամ 24-ին գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Օնիկ Գասպարյանին: Նրան հարց տվեցի, թե այս բնագծերի ճակատագիրը ի՞նչ է լինելու, նա ասաց, որ շատ լավ հասկանում է այդ բնագծերի և այդ անկլավի կարևորությունը: Ասաց՝ զինված ուժերը շատ բան անել չեն կարող, որովհետև այսուհետ դիվանագետները պետք է փորձեն քննարկումների արդյունքում հարցեր լուծել, բայց միանշանակ այդ անվտանգության գոտի հատվածը չպետք է անգամ քննարկվի բանակցությունների ընթացքում, եթե անհրաժեշություն էլ լինի, կռիվ ենք տալու, կռիվ ենք տալու այդ բնագծերի, այդ անվտանգության գոտու համար, ոչ մի պարագայում այդ անկլավը չենք զիջելու՛՛,-հավելեց նա:

Ըստ քաղաքապետի՝ հարցին, թե ի՛նչ պետք է անեն իրենք, Օնիկ Գասպարյանը պատասխանել է՝ ամրանում ենք: ՛՛ենք սկսեցինք ամրանալ, կառուցեցինք 2-րդ պաշտպանական բնագիծը, 3-րդ պաշտպանական բնագիծը, դիրքերը առաջ տվեցինք, ավելի շահեկան բարձունքներ գրավեցինք և ի՞նչ տեղի ունեցավ, մեզ հյուր եկավ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներից մեկը և ասաց՝ ե՞րբ եք պատրաստվում բնագիծը զիջել՛՛,-ասաց Փարսյանը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ երկար բանակցել են, որ չզիջեն այդ դիրքերը, ընդհուպ փակել են ճանապարհները, որից հետո հանդիպել են պաշտպանության նախարարին. ՛՛Նախարարն ասաց՝ խորհուրդ չեմ տալիս ինչ-որ մեկին դեմ ընկնել, և մենք դեկտեմբերի 18-ին այդ դիրքերը զիջեցինք՛՛:

 

  • Կիսվել: