երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի․ Քոչարյան

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի․ Քոչարյան

ԱԺ պատպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ բանակում վերջին մեկ օրում երկու մահվան դեպքերի համար նախարար Սուրեն Պապիկյանը պետք է պաշտոնանկ արվի:

«Դուք հարցրեցիք՝ պե՞տք է նախարարը պաշտոնանկ արվի, ես ասացի՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է գտնել պատասխանատվություն կրող այն անձնավորությանը, որի պատճառով տեղի են ունեցել ինչ-որ դեպքեր:

Հարցին՝ այս դեպքում ինքն ո՞ւմ է համարում պատասխանատու, Քոչարյանն արձագանքեց. «Դա նախաքննությունից հետո պարզ կդառնա: Նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն է, եւ ինչու է  տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է: Այսինքն դա պետք է քննվի, որից հետո նոր պարզ կդառնան մեղավորները եւ դրանց շրջանակը, եւ մինչեւ ուր կարող է հասնել դա: Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ: Եթե այդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի: Դրա համար ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում»:

Հիշեցմանը, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ նշելով, որ բանակում մահվան դեպքերը չպետք է լինեն լրատվամիջոցներում վերնագրեր, պետք է կոնկրետ պատասխանատուներ լինեն, ինչու հիմա չենք տեսնում կոնկրետ  պատասխանատուներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լավ էլ տեսնում եք, բայց դու երբ ուզում եք է՝ տեսնում եք,, երբ չեք ուզում՝ չեք տեսնում: Նայծ, թե այդ օրը ոնց եք արթնացել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Ավելի ուշ պարզվել է, որ նրա վրա կրակել է ժամկետային մի զինծառայող:

Նույն օրը հայտնի է դարձել, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս դեպքում ըստ ՔԿ-ի, նախնական տեսեկություններով ինքն է կրակել իր կզակին:

  • Կիսվել: