հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նախկին գյուղապետերի հարազատներին չեն կանչում վարժական հավաքների, որովհետեւ չեն ծառայել բանակում. Սուրեն Պապիկյան

Նախկին գյուղապետերի հարազատներին չեն կանչում վարժական հավաքների, որովհետեւ չեն ծառայել բանակում. Սուրեն Պապիկյան

Այս բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է 1 ամիս ծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամիս ծառայելու դիմաց՝ 18 մլն դրամ, իսկ մինչեւ 18 տարեկան դառնալը տղաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը սահմանել 15 մլն դրամ։

«Այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասը առկախվեց 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը հինգ տարով պայմանագիր կկնքի ՊՆ–ի հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը։

Խոսքը վերաբերում է նրան, որ կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և աշխատավարձ վճարել և նաև վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը»,–ասաց նա։

 

Պապիկյանը հավելեց, որ յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից. «Բնականաբար,  եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են ՊՆ–ի կողմից»։

Սուրեն Պապիկյանը նկատեց, որ այն երիտասարդները, որոնք մարդը կարճ ժամկետով են ծառայելու, միևնույն է՝ գրանցվելու են պահեստազորում՝ ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների։ «Այսօր մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, ասում են մեր նախկին գյուղապետի բարեկամները, կամ մեր համայնքի ամենահարուստ մարդու երեխեքը չեն գնում վարժական հավաքների, դուք հատուկ նրանց չեք տանում։ Իրականությունն այն է, որ այդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում և հաշվառված չեն պահեստազորում և չեն կարող վարժական հավաքի հրավիրվել։ Այս մեխանիզմը նաև թույլ է տալու, որպեսզի ավելի շատ թվով Հայաստանի քաղաքացիներ տիրապետեն զենքին և նաև ըստ անհրաժեշտության համալրեն պահեստազորը։ Չորս ամիսը ուսումնական զորամասի չափաքանակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական պրոցես։ Այսինքն, ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնելու»,–ասաց ՊՆ նախարարը։

  • Կիսվել: