Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը օրական ստանում է 1700 դրամ. Գեղամ Մանուկյան
Սերժանտը պատկերացվում է որպես ծնող զինված ուժերում, որովհետև ինքը զինվորների տեր ու տիրականն է դառնում: Այս մասին, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հիմա սերժանտին ասում են՝ դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև պետք է ատեստացիա հանձնես, վեց ամսվա կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք, դու իրոք կարող ես ավել գիտելիք ունենալ, նոր քո աշխատավարձը բարձրացնենք։
Կառավարությունը փորձում է ասել, թե՝ այ ատեստացիա ենք մտցրել, բայց այդպես չի: Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններում զբաղեցնող զինվորականները:
Ես ձեզ մեկ օրինակ ասեմ. մարտական հենակետում ծառայություն իրականացնող 2022 թվականի ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտեք ինչից՝ շարայինից։
Իրականում ահավոր է աշխատավարձը: Մեկ օրվա հմար պատգամավորներին հատկացվում է 22 հազար դրամ: Պարեկներն առանց ատեստացիայի, որովհետև համարվում է՝ դե արդեն հինգ ամիս սովորել են, ի՞նչ ատեստացիա պարեկին, ստանում են 371 000 դրամ։
Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, անձրևին, ձյանը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը, գիտե՞ք ինչքան է ստանում... մենք ստացել ենք 22 000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11000 դրամ մի օրվա համար, մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1700 դրամ: Սա է իրականությունը:
1000-ից ավելի սերժանտ է պետք լինելու զինված ուժերում, ամենաստորին մակարդակում, որը առնվազն 10 զինվորի տեր ու տիրականն է լինելու, բայց նրա աշխատավարձը, ի տարբերություն պարեկի, ընդամենը մոտավորապես 222 000 է լինելու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: