երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Գրիգորյանը 18 տարեկան էր, ծառայում էր Վայքում

Մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Գրիգորյանը 18 տարեկան էր, ծառայում էր Վայքում

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում:

NEWS.am-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմեց, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։ Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Իջեւանի տեխնիկական քոլեջի ավտոմեխանիկայի բաժնում։

«Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաեւ ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց, որ Մուրադը ծառայության ավարտից կես տարի անց միացել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որով պետք է հինգ տարի անցներ պայմանագրային զինծառայության։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ զինծառայողի դին հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի  (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։  Քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։

 

  • Կիսվել: