չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհասնենք նրան, որ պայմանագրային զինծառայողի փոխարեն կօգտագործենք հենց պրոֆեսիոնալ զինծառայող խոսույթը․ Վահագն Ալեքսանյան

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհասնենք նրան, որ պայմանագրային զինծառայողի փոխարեն կօգտագործենք հենց պրոֆեսիոնալ զինծառայող խոսույթը․ Վահագն Ալեքսանյան

«Քննարկում ենք շատ կարևոր օրենքի նախագիծ, որը մի կարևոր սկզբունք է ներդնում բանակում։ Մենք շատ լավ գիտենք պայմանագրային զինծառայությունը որպես այդպիսին իրենից ինչ է ներկայացնում։ Զինծառայողը 15 օր անցկացնում է սահմանին և մնացած 15 օրը մտածում է  այլ աշխատանքով զբաղվելու մասին  կամ ինչ այլ եղանակով գումար աշխատի, որպեսզի իր կարիքները կարողանա ինչ-որ կերպ բավարարել»,- «Պետական պաշտոններ և պետական ծառայության  պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի  նախագծերի փաթեթը  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը այս դիտարկումն արեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կհասնենք նրան, որ պայմանագրային ծառայությունը նախ կվերանվանենք պրոֆեսիոնալ զինծառայություն ասվածին, այսինքն՝  պայմանագրային զինծառայողի փոխարեն կօգտագործենք հենց պրոֆեսիոնալ  զինծառայող խոսույթը և դրա հետ մեկտեղ ատեստավորումը թույլ կտա, որպեսզի  այն մարդիկ ու այն զինվորականները, ովքեր կկարողանան իրենց առջև դրված համապատասխան չափորոշիչները բավարարել, կստանան այնպիսի աշխատավարձ, որ ստիպված չեն լինի մտածել  այլ աշխատանքի մասին՝ տաքսի վարելու, մի ուրիշ աշխատանք անելու մասին, ինչը  նախ վնասում է բանակի հեղինակությանը  և երկրորդն էլ թույլ չի տալիս ամբողջությամբ  ուղեղը ու մարմինը ծանրաբեռնել  հենց զինծառայութան բուն գործընթացի մեջ»,- նշեց պատգամավորը։

«Նախագծով պայմանագրային զինծառայողի փաստացի նվազագույն աշխատավարձը   կգերազանցի  300 հազար դրամը, եթե նա  հենակետում մարտական հերթապահություն չի իրականացնում, իսկ եթե  իրականացնում է դրան կգումարվի արդեն  մի քանի  տասնյակ հազար դրամ՝ մոտենալով արդեն  գրեթե 400 հազար դրամի ու սա  շատ մեծ գրավչություն է հաղոդում հենց բուն պայմանագրային զինծառայությանը»,- ընդգծեց Ալեքսանյանը։ 

  • Կիսվել: