Կառավարությունն առաջարկում է զինծառայությունից ընդհանրապես ազատվելու կարգ՝ տարկետում ստացած և թոփ 50-ում գտնվող համալսարանն ավարտած քաղաքացիների համար
2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող ԲՈՒՀ-երից որևէ մեկում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այսօր ունենք իրավիճակ, որ ավելի քան 600 մեր քաղաքացիներ օգտվել են տարկետման այս իրավունքից, և նրանցից 570-ը դեռ շարունակում է իր ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն ավարտել են իրենց ուսումնառությունը, տեսնում ենք, որ այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այդ հեղինակավոր ԲՈՒՀ-երում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները, իրականում չեն վերադառնում ՀՀ և չեն ծառայում այստեղ ո՛չ հանրային, ո՛չ տնտեսական զարգացման օրակարգին»,– հայտնել է Անդրեասյանը։
Նրա պնդմամբ՝ քննարկելով և ուսումնասիրելով պատճառները՝ առաջարկվել է օրենսդրական փոփոխություն, որով տարկետում ստացած և իրենց ուսումնառությունն արտերկրի ԲՈՒՀ-երում իրականացրած քաղաքացիները հնարավորություն կստանան ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու ՀՀ-ում, և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից։
«Այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով՝ հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-երում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ մեր երկրի ծառայեցնելու։ Մենք մի կողմից կապահովենք, որ նրանց վերադարձն անպայման տեղի ունենա, մյուս կողմից՝ կառավարության ենթաօրենսդրական ակտի շրջանակներում տրված կարգավորումներով կուղորդենք նրանց գիտելիքի և հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որոնց կարիքն առավելապես ունենք»,– ասել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ նախնական քննարկումները ցույց են տալիս՝ օրենսդրական այս կարգավորումը շատ սպասված է, այն իրականում կարող է լինել ոլորտում մեծ թվով բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն, և հաշվի առնելով բոլոր այն դրական հետևանքները, որ կարող է ունենալ այս կարգավորման կիրառումը, նախատեսել են նաև բավարար կարճ ժամկետ՝ օրենքի ընդունումից հետո ընդամենը 2 ամիս ենթաօրենսդրական կարգավորումը հաստատելու համար, ինչը հնարավորություն կտա գրեթե անմիջապես կիրառել օրենքը։


