շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կանանց գումարտակի հավաքագրումը (տեսանյութ)

Կանանց գումարտակի հավաքագրումը (տեսանյութ)

«Կրակել գիտեմ», «Ես մարտարվեստ եմ պարապել երկար ժամանակ», «Զենք չեմ սիրում, պատերազմ չեմ սիրում՝ անկեղծ ասած», «Առաջին բուժօգնություն կարող եմ տալ», «Ես շատ լավ խոհարար եմ»։ Այսպես էին Մոսկովյան 5 հասցեում՝ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի շենքի գրանցման սենյակում իրենց կարողությունները ներկայացնում մարտի դաշտ մեկնել ցանկացող կանայք, գրում է hetq.am-ը:

Իսկ միջանցքում իրենց հերթին սպասողները ոգևորված, բայց նաև այն մտավախությամբ, որ իրենց չեն «ընտրի», պատմում էին միմյանց, թե ինչու են եկել։ Միջանցքում ամենահաճախ հնչող հարցն է. «Բա ձերոնք գիտե՞ն, որ եկել ես»:

Սենյակի դուռը բաց է: Ամեն մտնողի հետևից միջանցքում կանգնածները խմբվում են դռան մոտ՝ լսելու թե ինչ հարցեր է տալիս փոխգնդապետը: Աղջիկներից մեկը 18 տարեկան է, տանը չի ասել գալու մասին: Փոխգնդապետ Մարինե Այրումյանը բարկանում է՝ ես քեզ սահման տանեմ, բա քո ծնողներին ի՞նչ եմ ասելու:

Գրեթե բոլոր սպասողները հարազատներ ունեն բանակում: Աղջիկներից երկուսը կամավորագրվում են իրենց ամուսինների հետ միաժամանակ՝ իրենք էստեղ, նրանք՝ կամավորների գրանցման մեկ այլ վայրում:

Ողջ ընթացքում հեռախոսը չի դադարում զանգել: 63-ամյա մի կին երկար կռվում էր հեռախոսով, թե ինչու 55 տարեկանին կարող են վերցնել, իրեն՝ ոչ: Արդեն 19 հոգու մերժել են, քանի որ տարիքը 18-55-ի սահմանում չի եղել:

Բացի տարիքից կարևոր է նաև ընտանիքի համաձայնությունը, կրակելու, վիրակապելու, կերակուր պատրաստելու հմտություններից որևէ մեկը, առողջական բավարար վիճակը:

Գրանցվողներն անմիջապես սահման չեն մեկնելու: Առաջիկա օրերին կստուգվեն նրանց կարողությունները, հետո արդեն ուսուցման փուլ կլինի: «Շատ մեծ հույս ունենք, որ մինչև մենք մեկնելու պատրաստ լինենք, պատերազմը վերջացած կլինի»,- ասում է փոխգնդապետ Այրումյանը:

 

  • Կիսվել: