Սպառազինության հարցում մենք ելնելու ենք մեր հայ գործընկերների օպերատիվ կարիքներից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Մենք միշտ ելնելու ենք օպերատիվ կարիքներից, որոնք կստացվեն հայ գործընկերներից, մենք պետք է առաջարկություններ անենք՝ ելնելով այդ կարիքներից՝ լինի դա զենք, թե պաշտպանական նպատակներով կադրերի պատրաստում։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։
«Առաջնահերթությունը Հայաստանի համար զենքի գնումն է և դրա հավանական օգտագործման համար կադրերի պատրաստումը։ Առանց վերահսկողության միջոցների հնարավոր չէ խոսել սահմանների պաշտպանության մասին»,- նշել է նա։
Նախարարը հավելեց, որ այն ամենը, ինչ օգտագործվում է ֆրանսիական բանակում, արտադրվում է Ֆրանսիայում։
«Մեր երկիրն այս հարցում ինքնաբավ է, ինչը հնարավորություն է տալիս լուծել արտահանման խնդիրները և վարել անկախ դիվանագիտություն»,- ընդգծել է Լեկորնուն։
Նա նշեց, որ սոցցանցերում Ֆրանսիայի դիրքորոշումը հաճախ խեղաթյուրվում է, ակնհայտորեն նկատի ունենալով Ադրբեջանի դիրքորոշումը, որն անընդհատ Փարիզին մեղադրում է Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերի մեջ։