ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը կրակով կասեցվել է. ՊՆ խոսնակ

Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը կրակով կասեցվել է. ՊՆ խոսնակ

Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։  Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այժմ սահմանին հարաբերական անդորր է»,- նշել է նա և հավելել, որ առաջիկայում կհրապարակեն հետաքրքիր տեսանյութ։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան: Թեթև վիրավորում են ստացել  ոստիկան և 3 զինծառայող։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։

 

  • Կիսվել: