հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե Ադրբեջանը որոշի, որ գնում է Թուրքիայի հետ, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կրկին տարածքներ է կորցնելու․ Փորձագետ

Եթե Ադրբեջանը որոշի, որ գնում է Թուրքիայի հետ, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կրկին տարածքներ է կորցնելու․ Փորձագետ

Տավուշյան մարտերից հետո տարածաշրջանային քաղաքական իրավիճակը բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել, և Թուրքիան կարծես ուզում է խաղացող դառնալ, իսկ դա ցանկանում է կյանքի կոչել Ադրբեջանի միջոցով։ Այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ռուսական կողմին Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ ադրբեջանական կողմին ուղղված պահանջագրի վերաբերյալ։
 
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական Բաքվի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ալիևը դժգոհել էր, թե հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված բախումներից հետո Ռուսաստանը շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է ուղարկել Հայաստան՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով:
 
«Ադրբեջանն այսօր կանգնած է ընտրանքի առջև՝ կամ Ռուսաստան, կամ Թուրքիա, իսկ Թուրքիան Ռուսաստանի համար դիտարկվում է ոչ թե Ադրբեջանի եղբայր պետություն, այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այս պարագայում շատ մեծ է տարաձայնությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Եվ եթե Ադրբեջանը որոշի, որ գնում է Թուրքիայի հետ, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը կրկին տարածքներ է կորցնելու», -նշեց Կարեն Հովհաննիսյանը։
 
Հարցին, թե նոր պատերա՞զմ է կանխատեսում, փորձագետը պատասխանեց․ «Այո, այո, կլինի նոր պատերազմական գործողություններ, ինչի արդյունքում, որպես պատիժ, Ադրբեջանը կորցնելու է տարածքներ և այնպիսի տարածքներ, որոնք աշխարհաքաղաքական առումով շատ ավելի կարևոր են և հանգույցային նշանակություն ունեն»։

  • Կիսվել: