Դժվար չէ Փաշինյանի ենթակայության տակ աշխատելը. Արման Սարգսյան՝ Մանուկյանին
Դժվար չէ, նույնիսկ շատ հեշտ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատելը:
Պատգամավորն ընդգծեց, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե երբ է ՀՀ-ն տեղյակ եղել, որ պատերազմ կարող է սկսվել, պատասխանել է՝ պատերազմից 1-2 օր առաջ, իսկ 2020-ի դեկտեմբերի 16-ին հայտարարել է, թե մինչև վերջին օրը, նախավերջին օրը գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի:
Արման Սարգսյանն արձագանքեց. «Ավելին՝ ես աշխատել եմ ուղիղ ենթակայության տակ՝ որպես ոստիկանապետ, և կարող եմ ասել՝ դժվար չէ, ավելին՝ ինձ համար համարում եմ պատմական հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության կերտմանը: Կարող եմ իմ նախորդ աշխատանքից ասել, որ Ոստիկանությունն ունեցել է լիարժեք ազատություն՝ առանց ճշտելու, ստուգելու՝ քաղաքական մեծամասնությունը համաձա՞յն է, դուր կգա, դուր չի՞ գա, անկաշկանդ գործել է օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն տրամաբանությամբ»,-հայտարարեց փոխնախարարը: