կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է. Օնիկ Գասպարյան

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է. Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում:

ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Շտաբի պետը նշել է, որ իրավիճակն իսկապես բարդ է, ընդգծել, որ պետք է առաջ շարժվել և գործի դնել ողջ ներուժը երկիրը բարդ կացությունից հանելու համար։

«Այսօր մեր երկիրը լուրջ փոփոխությունների և մարտահրավերների առջև է կանգնած, և մեզանից յուրաքանչյուրն իր մեծ դերակատարությունն ունի իրավիճակը կայունացնելու գործում։ Հասկանում եմ՝ տեղի ունեցածը լուրջ անհանգստություն է պատճառել ձեզ և բոլոր սյունեցիներին, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք։

Պետք է համախմբվել, գործել միասնաբար և համակարգված՝ ի շահ մեր երկրի, ի շահ մեր հայրենիքի։ Ամեն օրն ու ժամն է այսօր կարևոր։ Զինված ուժերում սա հստակ գիտակցում են, գիտակցում եք նաև դուք, և մենք մեջք մեջքի տալու, մեկ բռունցք դառնալու կարիք ունենք։ Վստահ եմ, որ դուք ամուր կանգնելու եք ձեր հողի վրա, բանակն էլ, հավաստիացնում եմ՝ թիկունք է լինելու ձեզ։ Եկեք դուրս գանք այս ընկճված վիճակից և այսօրվանից կառուցենք մեր վաղվա օրը։

Մեր կանանց, մայրերի և զավակների ապավենն ու հայրենյաց հողի պաշտպանն է մեզանից յուրաքանչյուրը․ եկեք այս նոր իրավիճակում էլ շարունակենք ապահովել նրանց և մեր ամբողջ երկրի անվտանգությունը, որովհետև բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ Սյունիքը մեր հայրենիքի դարպասն է»,- նշել է գեներալ-գնդապետ Օ․ Գասպարյանը։

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։

 

 

  • Կիսվել: