Բանակում հոգևորականների ծառայության սահմանափակումը լավ բանի չի բերի. Տոնոյանը՝ գնդերեցների մասին
Ես չեմ կարող ասել, որ հիմա բանակում գներեցների ծառայությունը կրճատվում է, որքան հասկացա, ձևափոխվում է այդ ծառայությունը։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր նախարար եղած ժամանակ մտադրություն եղել է բանակում կրճատել հոգևորականների ծառայությունը։
«Իմ պաշտոնավարման ժամանակ և այն ժամանակաշրջանում, երբ ես եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և որպես վարչության պետ միջազգային համագործակցության համար պատասխանատու, ամեն ինչ արել եմ որ գնդերեցների ծառայությունը պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, թե իրենց պահպանման ծախսերի առումով, թե իրենց գործունեության ապահովման, թե զինված ուժերում փոխհարաբերությունների։ Բացի դրանից ես գնդերեցների աշխատանքը, ծառայությունը զինված ուժերում, նաև պատերազմի և ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել։ Մեզ նաև հաջողվեց առանձին նստավայր ընտրել՝ Քանաքեռի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ և ես շատ բարձր էի գնահատում իրենց ծառայությունները»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ՊՆ–ի այդ որոշումից հետո գնդերեցների ճնշող մեծամասնությունը դուրս է եկել բանակից, դա ի՞նչ հետեւանքների կարող է բերել, նախկին նախարարն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց ես կարող եմ ասել, որ Զինված ուժերում Հայ առաքելական եկեղեցու հոգևորական ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը որևիցե լավ նպատակի չի բերի բարոյաքեբանական իմաստով։
44–օրյայի ժամանակ ես շատ բարձր եմ գնահատել իրենց ծառայությունները»։


