երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 «Այսօր, տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը». Բերդից բանակ մեկնեցին առաջին զորակոչիկները

«Այսօր, տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը». Բերդից բանակ մեկնեցին առաջին զորակոչիկները

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2024թ.-ի ձմեռային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:

Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Դիմելով զորակոչիկների ծնողներին՝ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է  հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար:

Նա խաղաղ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել զորակոչիկներին.

«Մեր հայրենիքը  սիրո, հոգածության, պաշտպանության կարիք ունի, և այսօր,  տղանե՛ր, ձեր հերթն է ստանձնելու այդ սուրբ գործը: Խնդրում եմ ձեզ, եղե՛ք զգոն, ուշադիր, հոգատար՝ միմյանց ու հայրենիքի նկատմամբ, և,  համոզված եմ, որ կունենանք հզոր բանակ:  ...Թո՛ղ Աստծո աջն ու մայրերի աղոթքը  հովանի լինեն ձեզ, խաղաղությամբ իրականացնեք ձեր ծառայությունը: Որպես զինծառայողի մայր՝ ուրախությամբ ու հուզմունքով եմ նշում, որ այսօր ավարտվում է որդուս զինվորական ծառայությունը,  և Աստծո հաջողությամբ վաղը կվերադառնա տուն:  Սիրելի՛ մայրեր,  իմ աղոթքը միացնում եմ ձեր աղոթքներին, ձեզ հետ միասին աղոթում եմ, որ ձեր  զավակները խաղաղ պայմաններում  ծառայեն և ուրախությամբ վերադառնան ձեր օջախները: Աստծո օրհնությունը բոլորիդ հետ: Փառ՛ք մեր բանակին»:

Զորակոչիկներին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, կապիտան Վարդան Աբրահամյանը:

  • Կիսվել: