Առանց գաղափարաբանական առանցքի բանակը կարող է քաոսի վերածել երկիրը. Փաշինյան
Բանակում կառավարությունը պատրաստ է ներգրավել բոլոր այն մարդկանց, որոնք կառավարության ռազմավարությունը կիսում են. հակառակ դեպքում այդ ռազմավարությունները հնարավոր չի լինի իրականացնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասում ենք մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ, որովհետև մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ ի՞նչ խնդիր լուծելու համար։ Ո՞րն է այն հայեցակարգը, որը ինքը հետափնդում է, ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Եթե կա հայեցակարգային համընկում և կա պրոֆեսիոնալիզմ, այդտեղ ես կարծում եմ՝ սահմանափակում ոչ միայն չունենք, այլև մենք այդտեղ արդեն գործիքներ ունենք»,–ասաց Փաշինյանը։ Նա պատմեց, որ բանակի վերաբերյալ իրեն նամակ էր գրել ՀԿ–ներից մեկի ղեկավարը, ինչին ինքը պատասխանել էր. «Մեր ռազմավարությունը սա է, դուք համաձա՞յն եք այդ ռազմավարության հետ, դուք կիսում եք այդ տեսլականը»։
«Որովհետև ընդհանրապես բանակում էլ մեր մեծագույն խնդիրներից մեկը այն է, որ մենք խոսույթին, հայեցակարգին մեծ ուշադրություն չենք դարձնում։ Մենք մեր զինվորին բացատրո՞ւմ ենք, թե մենք իրենից ինչ ենք ուզում՝ սկսած ֆիզիկական և մարտական պատրաստության տեսակետից, շարունակած հայեցակարգի և գաղափարաբանության տեսակետից։ Առանց գաղափարաբանության, առանց գաղափարաբանական առանցքի բանակը կարող է քաոսի վերածել երկիրը, բանակը կարող է քաոսի վերածել ինքը իրեն։
Ցավոք մինչև այսօր էլ մենք լրջորեն տեսնում ենք իրավիճակ, երբ բանակում ընդհանրապես ոչ մի քաղաքական հայեցակարգ չկա և քրեածին հայեցակարգը երբեմն իրենով լցնում է վակուումը։
Այնտեղ, որտեղ կա հայեցակարգային բախում, այդտեղ ոչ միայն հնարավոր չի այլև վտանգավոր է և ես ինքս արգելել եմ նման ֆորմատների համագործակցությունը՝ հանձնարարական տալով մյուս ֆորմատների համագործակցությունը ընդլայնել հնարավորինս»։



