Առաջարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներին 24 ամսվա մեջ տրամադրել 30 օր արձակուրդ
Առաջարկվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ հորդորելով որոշման նախագծի քննարկումը ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի:
Առաջարկվում է նաև ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող՝ ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ՝ հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով, ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաևորեց փոփոխությունը, ապա ընդգծեց՝ որոշման նախագծով երդման արարողության հետ կապված՝ 2 օրով է սահմանվելու արձակուրդի իրավունք:
«Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կարգով ստանում են արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ ծառայողների մի մասը, որոնց հարազատները կարողանում են հասնել այդ խնդրի լուծմանը, օգտվեն, մյուսները չօգտվեն: Այսինքն՝ բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ: Արձակուրդի չափերը կախված են ծառայության բնույթից: Ում ծառայությունը բարդ է, արձակուրդ գնում է 10 օրով, մյուսները՝ 7 օրով»,- ասաց Փաշինյանը:
Նախարարի տեղակալը պարզաբանեց՝ գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում: «Առաջարկով մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները՝ 21 օր արձակուրդ»:
Փաշինյանը հավելեց՝ արձակուրդ գնալու մյուս հնարավորությունները բարդացվելու են, հարցը գնալու է Գլխավոր շտաբ, որպեսզի արձակուրդ գնալու պատճառաբանությունը հիմնավորվի: