հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատն առած ժամկետային զինծառայողներն իրար կոտորում են. Պապիկյան

30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատն առած ժամկետային զինծառայողներն իրար կոտորում են. Պապիկյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակում 2025 թվականին գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ հանրությանը դիտմամբ սխալ պատկեր ներկայացնելուն:

Նա, մասնավորապես, ասել է. «Քանի որ իրենք անընդհատ ուզում են խոսվի մահվան մասին, երբ որ դա կապվում է զինվորի հետ, դա ավելի ցավագին է ընդունում մեր հասարակությունը, նրանք առիթը բաց չեն թողնում դա կրկին բարձրաձայնելու, ցավեցնելու: 2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից մեկը՝ կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ը առողջական խնդիրներով:

2025 թվականին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մահացել է 30 զինծառայող, խոսքը ժամկետայինների մասին չէ այս 30-ը, մարդկանց մասին է, ովքեր տարիքային տարբեր խմբերում են, որից 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում: Նրանց մեջ 3 պայմանագրային զինծառայողներ սպանվել են ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ տարբեր կենցաղային հարցերով: Մեկն ինքնասպանություն է գործել, մեկն ինքնասպանության հասցնելու հետ կապված հարցով, 8-ը՝ հիվանդության պատճառով, 8-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով, 3-ը՝ դժբախտ պատահար:

Հիմա այս ամենը գումարում են իրար, այդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատը առած ժամկետային զինծառայողները իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն: Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց այս կերպ փորձել անընդհատ ահաբեկել և ցավեցնել մեր հասարակությանը, մի բանի մասին է՝ այս բոլոր հավաքական խմբերը, նաև արտախորհրդարանական նորելուկ կուսակցությունները, բոլորը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են»:

  • Կիսվել: